Home TV Ինչպե՞ս Կարենն ու Վաչեն փոխեցին «հայի բախտը» արտահայտության իմաստը․ դերասանների առաջին հարցազրույցը «Օսկար»-ում «Անորայի» հաղթարշավից հետո
Home TV Ինչպե՞ս Կարենն ու Վաչեն փոխեցին «հայի բախտը» արտահայտության իմաստը․ դերասանների առաջին հարցազրույցը «Օսկար»-ում «Անորայի» հաղթարշավից հետո

Ինչպե՞ս Կարենն ու Վաչեն փոխեցին «հայի բախտը» արտահայտության իմաստը․ դերասանների առաջին հարցազրույցը «Օսկար»-ում «Անորայի» հաղթարշավից հետո




«Անորա» ֆիլմի հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը դեռեւս ուշքի չեն գալիս «Օսկար»-ում ֆիլմի գրանցած հաջողությունից հետո։ 5 մրցանակ՝ 5 հեղինակավոր անվանակարգում՝ Լավագույն ռեժիսոր, Լավագույն ֆիլմ, Լավագույն մոնտաժ, Լավագույն օրիգինալ սցենար եւ Լավագույն դերասանուհի։

«Դեռ տպավորությունների տակ ենք, ինձ թվում է, դեռ շատ ժամանակ է պետք լինելու այս ամեն ինչը մարսելու համար, քանի որ սա, ասես, մեզ հետ չլինի։ Վախենում եմ արթնանալ ու պարզվի՝ սա իսկական չէր, երազ էր»,-Պետրոս Ղազարյանի հետ` «Առաջին Ալիք Ամերիկայի» համար արված հարցազրույցում նշել է Վաչե Թովմասյանը։

««Օսկարը» վերջակետն էր, մեզ մոտ ամեն ինչ սկսվեց Կաննի փառատոնից, որին նոմինացվելն արդեն մեծ բան էր։ Ու իմ ամենաիրական էմոցիաները, ուրախությունը եղավ այն ժամանակ, երբ իմացանք, որ նոմինացված ենք Կաննին։ Երբ 7-րդ դասանից սկսած նայում էի ավելի հեղինակային ֆիլմեր, հենց «Ոսկե Արմավենի» ստացած ֆիլմերն էին իմ սիրելիները, եւ ես անգամ թույլ չէի տալիս երազել, որ մի օր կլինեմ այդ ամենի մեջ»,-հավելել է դերասանը,-«Երբ նոմինացվեցինք, ես այդ ժամանակ Նյու Յորքում էի։ Հիշում եմ՝ երբ առավոտյան իմացա Կաննում «Անորայի» նոմինացված լինելու մասին, թռչկոտում էի, զանգահարեցի Կարենին ու ասացի՝ պետք է անպայման նշենք։ Բոլորի համար էր այս հաղթանակն անսպասելի, ոչ միայն մեր։ Ընթացքում էլ զգացել էինք, որ յուրահատուկ բան ենք ստեղծում, բայց որ այսքան կգնահատվեր, չէինք մտածում»։

Կարենն իր հերթին կատակել է՝ «Օսկար» ստանալն ավելի հեշտ էր, քան կարմիր գորգով շրջելը, երկար կանգնելն ու հարցազրույցներ տալը։

«Չէ, իրականում, մեծ հաճույք էր, չհասկացանք էլ՝ ինչպես դա եղավ, երեւի առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանանք մարսել այս ամենը»,-նշել է Կարագուլյանը։

Պատասխանելով Պետրոս Ղազարյանի դիտարկմանն այն մասին, որ որոշել էր թողնել կինոն, Կարենը հաստատեց․ «Ես թողեցի։ Բայց ռեժիսոր Շոն Բեյքերի հետ արդեն 30 տարի է, ինչ ընկերություն ենք անում, իր բոլոր ֆիլմերում ես կամ։ 2009-ին, երբ Շոնի հետ վերջացրինք «Բրոդվեյի արքայազնը» ֆիլմի նկարահանումները, մեզ հրավիրեցին «Ոսկե Ծիրանին»։ Շոնը չկարողացավ գալ, բայց ես եկա, եւ երբ վերադարձա, հարցրի նրան՝ հիմա ի՞նչ անենք, ու իրեն պատմեցի մի պատմություն, որը կիսով չափ հնարել էի․ գործողությունները կատարվում էին հենց Բրայթոն Բիչում, որը շատ հետաքրքիր թաղամաս է, որտեղ շատ ռուսախոս զբոսաշրջիկներ կան, ու այդպես հրապուրվեցինք այդ գաղափարով, որից հետո մոտ երկու տարի ֆիլմ էինք գրում, որն անվանեցինք «Խավիար», բայց այն ավելի շատ տղաների մասին էր։ Այնուհետեւ երկու տարի գումար էինք փնտրում այն ստեղծելու համար, բայց չկարողացանք։ Այստեղի պրոդյուսերներն ասում էին, որ Կարենի փոխարեն, ով պետք է հայերեն խոսի ֆիլմում, թող լինի, օրինակ, Բրեդ Փիթը, բայց Շոնը չէր համաձայնվում։ Այդպես եղավ միտքը, եւ տարիներ անցան, ես մոռացել էի դրա մասին, բայց Շոնը չէր մոռացել, եւ նա գտավ՝ ինչպես կարելի է դա անել։ Սխալ է ասել, թե այդ ֆիլմով է եղել «Անորայի» նախնական սցենարը, բայց հիմքը դա էր»։

Կարենը նշել է՝ Թորոսի դերն ի սկզբանե հենց իր համար է գրված եղել։ «Հետո Շոնը ծանոթացավ Մայքի Մեդիոսնի հետ, որին ֆիլմում էր տեսել, հետո Յուրա Բորիսովին ընտրեց, որին տեսել էր Կաննում, իսկ Յուրան իր հերթին խորհուրդ տվեց Մարկին»։

Վաչեին մենեջերն է տեղեկացրել, որ Շոն Բեյքերը ցանկանում է իր հետ զրուցել։ Դերասանը հիշում է՝ հեռախոսազրույցի ժամանակ Բեյքերն ասել է, որ ծանոթ է իր հումորային դերերին։ «Ինձ թվաց՝ կատակ է։ Մտածեցի՝ երեւի Արամ mp3-ն է ձայնը փոխել ու փորձում են կատակ անել։ Հարցրի՝ ինչո՞ւ է նա դիտել իմ հումորները, որոնք հայերենով են, ինչին Շոնը պատասխանեց, որ Կարեն Կարագուլյանն է նրան խորհուրդ տվել»։

Այնուհետեւ Վաչեն սկսել է ուսումնասիրել, թե ով է Կարեն Կարագուլյանը, որից հետո պարզել է, որ վերջինն իրեն Instagram-ում վաղուց է հետեւում եւ, նույնիսկ, ցանկանություն էր հայտնել իր ստենդափը դիտելու։ «Բայց լավ է, չէր նեղացել Կարենը»,-կատակում է Վաչեն։

Վաչեն կարեւորում է Կարենի օգնությունն ու աջակցությունը, ինչն իրեն անհրաժեշտ էր, հատկապես, երկու տարի առաջ, երբ ինքը անգլերեն այնքան էլ վարժ չէր խոսում։ Հումորիստը հիացմունքով է պատմում Կարենի մասին, որի տաղանդն ավելի ցայտուն բացահայտել է նկարահանման հրապարակում։ Դերասանը վարժ խոսում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, եւ Վաչեի գնահատմամբ՝ ոչ բոլորը կարող էին այդքան սահուն դա անել։

«Ուզում եմ փոխել «հայի բախտը» արտահայտությունը, որպեսզի դա բացասականով չընկալվի։ Հակառակը՝ արել ենք մի նախագիծ, որտեղ բախտը հային ժպտացել է 5 «Օսկարով»,-նշում է Կարագուլյանը։

Վաչեն, անդրադառնալով ֆիլմի եւ իր կերպարի մասին կարծիքներին, նշել է՝ նորմալ է, որ շատերին իր խաղը դուր չգա․ «Միակ բանը, որ չեմ հասկացել՝ որ չէին ուզում, որ ֆիլմը հաջողության հասներ։ Կարող ես չսիրել կերպարը, բայց որ չցանկանաս, որ այդքան հայկականություն պարունակող ֆիլմը հաջողության հասնի, դա անհասկանալի է»։

«Ֆիլմի քաղաքականությունը միայն սերն է, բոլոր մարդիկ պետք է սիրով ապրեն, բարությամբ, եւ դա ամեն ինչ կբուժի»,-անդրադառնալով ֆիլմի մասին քաղաքական պնդումներին՝ հավելել է Կարեն Կարագուլյանը։ Դերասանը խորհուրդ է տալիս ֆիլմը դիտել առանց ռուսական կրկնօրինակման, որն, ըստ նրա, «փչացնում է այն»։ Դերասանների խոսքով՝ ֆիլմը հիմնականում չեն հավանել նրանք, ովքեր դիտել են թարգմանությամբ։ Ինչ վերաբերում է ֆիլմում հայերեն երկխոսություններին, դրանք իմպրովիզ են, արվել են հայ դերասանների կողմից։

Բնականությունը, սիրո մասին մեսիջը, պատմությունը՝ այս հատկանիշներն են դերասանների խոսքով՝ «Անորայի» հաջողության գաղտնիքը։ Կարենի ու Վաչեի հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ «Առաջին Ալիք Ամերիկայի» յութուբյան էջում։