Home Ժամանց «Ինձ չեմ համարում գեղեցկուհի, բայց ես ինձ այսպիսին սիրում եմ». DJ Vakcina
Home Ժամանց «Ինձ չեմ համարում գեղեցկուհի, բայց ես ինձ այսպիսին սիրում եմ». DJ Vakcina

«Ինձ չեմ համարում գեղեցկուհի, բայց ես ինձ այսպիսին սիրում եմ». DJ Vakcina




Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Vakcina-ն:

-Ինչպե՞ս են սկսվում Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային առավոտները:


- Ինձ մոտ հիմնականում գերակշռում են աշխատանքային օրերը և դժվարանում եմ հիշել, երբ եմ վերջին անգամ ունեցել ոչ աշխատանքային օր: Միգուցե այն ժամանակ, երբ երկրում չեմ, ու փորձում եմ իրականությունից կտրվել: Գրեթե բոլոր օրերս սկսվում են երեխաներիս համար ուտելիք պատրաստելով, նրանց հետ շփվելով: Ինձ համար դա պարտադիր արարողակարգ է:

-Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:


- Ատում եմ փոշիներ մաքրելը: Նյարդերս հանգստանում են, երբ արդուկում եմ, կամ ափսեներ եմ լվանում, բացի այդ 2 տնային գործերից մնացած ամեն ինչ հավասար է տանջանքի: Հիմնականում օգնականների միջոցով եմ այդ հարցերը լուծում, որովհետև նյարդերս իրոք չեն հերիքում, չեմ սիրում:

- Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Անազնվությունը, անարդարությունը և ծայրաստիճան տգիտությունը: Այս երևույթների հետ կապված յուրաքանչյուր դրսևորում ինձ հունից կհանի:

-Երեկոյան Երևանում հատկապես որտե՞ղ Ձեզ կարելի է տեսնել:

-Ես ծնվել, ապրում ու հանդիպումներս հիմնականում կազմակերպում եմ Փոքր կենտրոնում: Ինձ շատ հոգեհարազատ է, ու հենց այդտեղ էլ ինձ կարելի է հաճախ տեսնել: Հաճախ եմ լինում նաև Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Մոսկվա կինոթատրոնի տարածքում և Աբովյան փողոցի վրա:

- Ձեր կյանքի ամենադժվար շրջանը:


- Իմ նախկին ամուսնու հետ ապրած տարիները:

- Հաջողության հասնելու համար ի՞նչն է առանցքային՝ աշխատասիրությո՞ւն, խե՞լք, թե ծանոթ:

- Ամենաառաջին տեղում նպատակը ձևակերպելն է, այնուհետև ունենալ դիսցիպլինա, աշխատասիրություն և ձգտում: Խելքն էլ է շատ կարևոր, առանց դրա հնարավոր չէ ճիշտ մարտավարություն կազմել, թե ինչպես կարելի է հասնել նպատակին: Ծանոթ ինձ երբեք պետք չի եղել, հստակ կարող եմ ասել, որ առանց դրա էլ հնարավոր է հասնել հաջողության:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:

- Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք, գուցե շատ բաներ ասեի, որովհետև այդքան էլ հաշտ չէի իմ արտաքինի հետ, բայց հիմա ամեն ինչ հարթ է: Ինձ չեմ համարում գեղեցկուհի կամ իդեալ, բայց ես ինձ այսպիսին սիրում եմ:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք պարտական, որ պահանջված DJ եք:

- Միայն ինքս ինձ եմ պարտական, իմ աշխատասիրությանը, նաև իմ խիզախությանը, որ դժվար տարիներին, երբ աղջիկ DJ հասկացողությունը հավասարվում էր այլմոլորակայինի հետ, ես համարձակ եղա և գնացի իմ երազանքի հետևից:

- Ինչի՞ց եք ամաչում:

- Ամաչում եմ, երբ ինձ կոմպլիմենտ են անում: Բավական մեծ եմ, բայց դեռևս չեմ սովորել հաճոյախոսությունն ադեկվատ ընդունել:

- Ինչի՞ մասին եք երազում:

- Հայաստանում ապրելով չեմ կարող չնշել, որ իմ առաջին երազանքը, բնականաբար, արժանապատիվ կերպով ապրելն է հայրենիքում: Երազում եմ արժանապատիվ խաղաղության մասին: Ինչ վերաբերում է անձնական երազանքներին՝ ինքս ինձ հետ խաղաղության, ներդաշնակության: Քիչ վազեմ տարբեր նպատակների հետևից և ավելի կենտրոնանամ իմ ներքին աշխարհի վրա, գիրք կարդամ, ազատ ժամանակ մի քիչ ավելի շատ ունենամ: