Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան

«Երբ սերը կա» Բաբկեն Չոբանյանի և Նազենի Հովհաննիսյանի դերակատարմամբ ներկայացում-պոեզիայի առաջնախաղն անցավ Գոյ թատրոնի բեմում։
Ներկայացման թեման սերն է ' իր բոլոր դրսևորումներով։ Բաբկեն Չոբանյանն ու Նազենի Հովհաննիսյաննը մատուցեցին հայ անվանի պոետների ու ժամանակակիցների սիրո մասին ստեղծագործությունները սեփական տեսանկյունից ու իրենց հույզերով։ Արտիստները հնչեցնում էին հայ դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները։

Մոտ մեկ ամսում ստեղծված ներկայացման համար 50 բանաստեղծություն է ընտրվել։ Հայ դասականների ու ժամանակակիցների գործերն այնպես էին համադրվել, որ տպավորություն էր ստեղծվել, ասես դերասանները իրենց հարաբերություններն են պարզում հարց ու պատասխանի միջոցով ու խոսում են սիրո լեզվով։
«Հիմքում սերն է, որը պոեզիայում շատ կա։ Ներկայացնում ենք բաժանում, պայքար, միացում ու վերջապես հաղթանակ։ Ուզում էինք ցույց տալ, թե պոետները ժամանակին ինչ են մտածել մերժված ու տառապող սիրահարների մասին, և ինչպես են գտել սերն ու դրա բերկրանքի կարևորությունը», - ասաց ռեժիսյոր Տիգրան Գյուլումյանը, ով Չոբանյանի հետ արդեն երրորդ անգամ է աշխատում նմանատիպ ձևաչափով։ Նազենի Հովհաննիսյանի հետ աշխատելոււ դեռևս առաջին փորձն է։

Ցանկացել են միավորել դերասանների, որոնք պոեզիայի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն. «Համադրեցինք երկու լավ կերպարների ու ազնիվ արտիստների, որոնք նաև լավ ձայն ունեն։ Նրանք պարզապես կարդում են գործերը, իսկ մենք հետևում ենք ապրումներին»։
«Համարձակություն ենք ունեցել անհանգստացնել ոչ միայն դասականներին, որոնց քաջ ծանոթ եք, ու դա կրկնապատկում է մեր հուզմունքը և պատասխանատվությունը, այլ նաև երիտասարդներին, որոնք շատ յուրօրինակ աշխարհ են ստեղծել։ Մենք չենք ասմունքելու ու խաղալու, Ձեզ հետ ապրելու ենք մի քանի ակնթարթ։ Ուզում ենք կամուրջ լինել այդ բանաստեղծների, նրանց ապրումների, սերերի, կարոտների, հույզերի ու ձեր միջև»,- բեմից ասաց Նազենի Հովհաննիսյանը։
Բաբկեն Չոբանյանն էլ ավելացրեց, որ երկար են մտածել, թե ինչ տարբերակով ներկայացնեն գործերը. «Հասկացանք, որ ամենազնիվը լավագույնների գործերից սիրուն ծաղկաքաղ անելն է։ Կարդալու ենք, որովհետև մենք սովոր չենք պոեզիան անգիր անել՝ ասեք ուրիշի բառերը, մտքերն ու հույզերը քեզնով անես, իսկ այսպես ավելի անկեղծ է ստացվում»։
Պրեմիերայից հետո Բաբկեն Չոբանյանը և Նազենի Հովհաննիսյանն ընկերներից ու հանդիսատեսից շնորհավորանքներ ստանալուց և լուսանկարվելուց հետո պատմեցին սիրով լի ներկայացում ստանալու, ընտրված հեղինակների, իրենց հույզերի ու նորից միասին աշխատելու մասին։




