Այլընտրանքային տարբերակներ ենք մտածել, որ Գոռ Հակոբյանը ներկա լինի․ Մենչը՝ «Ֆուլ Հաուս»-ի նոր ներկայացման մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այլընտրանքային տարբերակներ ենք մտածել, որ Գոռ Հակոբյանը ներկա լինի․ Մենչը՝ «Ֆուլ Հաուս»-ի նոր ներկայացման մասին




«Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները կրկին միավորվելու առիթ ունեն․ այս անգամ սիրված հերոսները վերադառնում են ներկայացման ձևաչափով։ Սեպտեմբերի 8-ին սիրված կերպարները հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Այս ձևաչափով նրանք ներկայացել էին 10 տարի առաջ։ Նախագծի հեղինակները խոստանում են, որ այս անգամ վերադառնում են նոր սցենարով, որն ավելի զվարճալի ու հետաքրքիր է լինելու։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում սիրված նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշեց, որ «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմն իրենց իսկապես շատ է ոգեշնչել, քանի որ հանդիսատեսի արձագանքը թույլ է տվել համոզվել, որ նախագիծը չի մոռացվել և շարունակում է արդիական մնալ։

«Արդյունքը բացառիկ էր հայկական ֆիլմարտադրության մեջ։ Մենք ունեցել ենք ռեկորդային քանակի հանդիսատես, և ես կարծում եմ՝ դեռ շատ երկար կմնանք որպես առաջատար։ Ֆիլմի հաջողությունից հետո մտածում ենք հաջորդ տարի նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, սակայն մինչ այդ հանդես կգանք ներկայացման ձևաչափով»։

Պրոդյուսերը լիահույս է, որ հանդիսատեսն այս նախագիծը ևս կսիրի։

«Հանդիսատեսին, ինչպես միշտ, սպասվում է բարձր տրամադրություն, ինչպես նաև իրենց կողմից սիրված կերպարներին ևս մեկ անգամ տեսնելու հնարավորություն՝ այս անգամ բեմում։ Ծրագիրն ամբողջովին նոր է, անակնկալ են լինելու բոլոր համարները, որոնք մենք պատրաստել ենք։ Իհարկե, ամեն մեծ հաջողությունից հետո մտավախություն ունենք, թե էլ ինչ կարող ենք ավելացնել, բայց դա ավելի շատ է մոտիվացնում ևս մեկ անգամ լավ բան անելու հարցում»։

Ըստ Մենչի՝ թեպետ նախագծի անդամներից շատերը տարբեր երկրներում են բնակվում, դա երբևէ որևէ մեկին չի խանգարել միանալ թիմին։ Ընդ որում՝ սեպտեմբերի 8-ից հետո «Ֆուլ Հաուս»-ի անդամները մեկնելու են շրջագայության՝ նախ ՌԴ, ապա Եվրոպա, իսկ հյուրախաղերը կեզրափակեն ԱՄՆ-ում։ Երևանում նախատեսված է մեկ մեծ ներկայացում, իսկ թե ինչ կլինի հետո, դեռ հստակ չէ։

«Այս նախագիծը բոլորի համար ուղղակի նախագիծ չէ։ Երբ խոսքը վերաբերում է «Ֆուլ Հաուս»-ին, բոլորը թողնում են իրենց գործերը և միանում թիմին։ Շատերին ուրախացրել է, որ Գոռ Հակոբյանը ևս միացել է, թեպետ բոլորը գիտեն, որ այս շրջանում որդու՝ Ֆելիքսի առողջական հարցերով պայմանավորված՝ բնակվում է Գերմանիայում։ Նրա վերադարձը կախված է Ֆելիքսի վիրահատության օրվանից։ Բայց մենք այլընտրանքային տարբերակներ ենք մտածել, որպեսզի, այնուամենայնիվ, Գոռի ներկայությունը բեմադրությանը լինի»։

Եզրափակելով զրույցը՝ Մենչը նշեց, որ սիթքոմը կամ հետագայում ֆիլմը դիտած չլինելու հանգամանքը չի խանգարի գալ և դիտել ներկայացումը։

«Մենք յուրաքանչյուր բան անելիս պարտադիր հաշվի ենք առնում ամեն ինչ։ Նույնիսկ հաշվի ենք առնում այն, որ մարդը հնարավոր է՝ ընդհանրապես չի նայել «Ֆուլ Հաուս»-ը։ Նաև հավելեմ, որ ներկայացումը ֆիլմի հետ բացարձակ կապ չունի։ Ներկայացման մեջ հանդիսատեսը կտեսնի իրենց կողմից սիրված կերպարներին՝ այլ իրավիճակներում»։