Բուդապեշտի մրցաշար․ Վազգեն Թևանյանը եզրափակչում ջախջախեց ադրբեջանցուն

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:
2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։




