Լիդուշիկի 21-ամյակն ու կարևոր նվերը
Tert.am Life-ի հետ զրույցում Լիդուշիկը պատմեց, որ օրն անցկացրել է ընտանիքի անդամների հետ քաղաքից փախչելով:

«Վերջին տարիներին հիմնականում ընտանիքիս անդամների հետ եմ նշել ծնունդս: Հիմա վտանգավոր շրջան է, վախենում ենք տատիկիս համար: Հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ որոշեցինք ընտանիքով 2 օրով գնալ Դիլիջան, հանգստանալ և նշել ծնունդս: Կտրվեցինք քաղաքի առօրյայից, բայց հատուկ ծնունդ չենք նշել, պատրաստություն չենք տեսել,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ինքն իր տարեդարձին հատուկ պատրաստվելու սովորություն չունի: -Եղել են տարիներ, երբ տարեդարձս նշել ենք շնորհանդեսով, համերգով, սովոր եմ այդ օրը ևս ժողովրդի հետ լինել, բայց չեմ առանձնացնում այն»:
Լիդուշիկն ասաց, որ կցանկանար նախորդ տարի 20-ամյակը մեծ տոնել, սակայն հյուրախաղերով Ֆրանսիայում էր, չստացվեց:

Իր ստացած նվերներից Լիդուշիկն առանձնացրեց ծնողների նվերը՝ էլեկտրական դաշնամուր. «Քանի որ սենյակս ձևափոխել ենք, այն կհամալրվի նաև դաշնամուրով: Մենք տանը դաշնամուր ունենք, սակայն սա ավելի համար տարբերակ է, քանի որ ականջակալներով է, նեղություն չեմ տա, չեմ մտածի՝ ինչ-որ մեկը քնած է, տանը հյուր կա»:

Լիդուշիկն ասաց, որ այս տարի լսարանը, կարծես, հասկացավ, որ ինքը մեծացել է” «Գուցե 20-ամյակս էլ այդքան տպավորիչ չէր, այս տարի կարծես ավելի շատ ընկալեն, որ 21 տարեկան դարձա: Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ միշտ փոքր են ընկալելու, նույնիսկ ինձ հետ նկարահանվող մարդիկ չեն պատկերացնում, որ ես կարող եմ այդ տարիքի լինել: Անհնար է դրանից ազատվելը,- ասաց նա ու հավելեց, որ չնայած հորդորներին՝ բեմական անունը փոխելու իմաստ չի տեսնում,- եթե փոխեի, շուտ պետք է փոխեի՝ 16-17 տարեկանում: Հիմա, միևնույն է, այդ անվամբ են ընկալելու: Դա իմ բեմական անունն է, իսկ անձնագրով անունս Լիդա է»:





