«Աստված լրիվ ուրիշ գենետիկ կոդով է ստեղծել մեզ. լեռնեցի, համառ, աշխատասեր, ավանդապաշտ, հավատավոր, անվախ ու անպարտելի…». Արմինկա

Երգչուհի Արմինկան անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող վիճակին։ Երգչուհին նշել է՝ արդեն 4 տարի է՝ բնակվում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, սակայն ոչ մի վայրկյան չի դադարում ապրել երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձությամբ։ Արմինկան գրառումն ուղեկցել է «Հզոր Հայաստան» հեշթեգով։
«Ուղիղ 4 տարի է, ինչ ես ապրում եմ Հայաստանից դուրս, դրա համար ունենալով լուրջ պատճառներ… Բայց մի վայրկյան չեմ դադարում ապրել մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձությամբ…
Հիմա ավելի շատ է սիրտս ցնծում ցանկացած տիպի հաղթանակի ու լավ փոփոխության համար, ու ավելի ուժգին ճմլվում՝ երբ խախտվում է երկրիս անդորրը՝ ներսից, թե դրսից…»,- գրել է երգչուհին։
Նա նշել է, որ 19 տարեկանից՝ 1993թ., ծանոթացել է սահմանամերձ գյուղին ու գյուղացուն, տեսել ռմբակոծված Արցախը, կերել զինվորի պնակից ու նրա «նամակը»՝ թաշկինակի վրա գրված «մամ ջան, ես լավ եմ», մասունքի պես բերել Երեւան։
«Ես տեսել եմ պատերազմ ապրած անմեղ երեխեքի՝ սարսափ ապրած աչքերը, անփորձ զինվորի վախվորած հայացքը, նրա հետ երգել եմ «Տիրամոր Գովքը»…
Ես վաղուց հասկացել եմ մի բան. մեր երկիրն իսկապես ունիկալ է, ՀԱՅ -ը մարդկային բացառիկ տեսակ է, Աստված լրիվ ուրիշ գենետիկ կոդով է ստեղծել մեզ. լեռնեցի, համառ, աշխատասեր, ավանդապաշտ, հավատավոր, անվախ ու անպարտելի…
Աստված իմ, դու ամենամեծ ու դժվարին փորձությունը միշտ ուղարկում ես հենց ամենասիրելի զավակներիդ: Ուրեմն օգնի՜ր ՀԱՅԱՍՏԱՆ զավակիդ՝ այս անգամ էլ հաղթահարել իրեն բաժին ուղարկված այս ծանր փորձությունը»,- գրել է նա։




