Առաջին լուսանկարները Մկրտիչ Արզումանյանի և որդու մասնակցությամբ նոր սիթքոմից
«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիայում և «Քաոս» հեռուստասերիալում դրամատիկ դերով ներկայանալուց հետո Մկրտիչ Արզումանյանը կրկին եթերում կլինի հումորային կերպարով։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանը կհամալրի նոր սիթքոմ՝ «Մեծից փոքր», որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու որդին` Ալեքսանդրը։
Մկոն ու Ալեքսանդրը սիթքոմում ևս մարմնավորելու են հոր և որդու։ Զվարճալի դրվագները սկսվում են, երբ ինչ-որ հրաշքով նրանք մարմիններով փոխվում են։ Արդյունքում` հայրը որդու մարմնով պետք է հաճախի դպրոց, հոր մարմնում հայտնված որդին պետք է զբաղվի մեծերին հատուկ լուրջ գործերով և գլուխ հանի սիթքոմի երաժշտական պրոդյուսեր հոր աշխատանքից։
Ալեքսանդրը նախկինում նկարահանվել է «Նվագախմբի երեխաները» երաժշտական սիթքոմում։ Դերասան հայրիկի կարծիքով` այստեղ որդու առաջ շատ բարդ խնդիր է դրված։











