Դիանա Գրիգորյանը` «Նռան հատիկի» ավարտի ու նոր հեռուստասերիալի մասին
380 սերիա և ավելի քան մեկ ու կես տարի եթերում. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նռան հատիկ» հեռուստասերիալն ավարտվում է։ Սերիաների քանակն ու հեռարձակման երկար ժամանակահատվածն էական չեն, սյուժեն է մոտեցել տրամաբանական ավարտին։

«Յուրաքանչյուր նախագիծ պետք է ավարտել ճիշտ ժամանակին և բարձր վարկանիշով։ Մեր հեռուստանախագիծն ունի շատ բարձր դիտելիություն ոչ միայն մայրաքաղաքի, այլև ամբողջ հանրապետության մասշտաբով։ Այն առաջատարների շարքում չէ, առաջատարներից մեկը չէ, այլ հենց առաջատարն է»,- ասաց Դիանան՝ հավելելով, որ իր բոլոր նախագծերը երկար են տևել՝ 400, անգամ 500 սերիա, այս անգամ 380-րդ սերիայի հետ եկավ սյուժեի տրամաբանական ավարտը։
«Նռան հատիկը» դեբյուտային էր Ռոզա Ֆիլբերգի համար որպես դերասանուհի։ Դիանան հիշեց, որ Ռոզային գիտեր միայն որպես երգիչ Մհերի քույր, ավելի ուշ նախագծի գլխավոր հերոսուհու կերպարում պրոդյուսերը որոշեց նրան փորձել։ Պրոդյուսերը նկատեց, որ չնայած նկարահանումների ընթացքում որոշ դժվարություններ են եղել, ժամանակի հետ դրանք հարթվել են։
Վերջին սերիայի սցենարը Դիանան երեկ է գրել՝ չի մանրամասնում, թե ինչ լուծումներ կլինեն և ինչպես կամփոփվի պատմությունը, սակայն, վստահեցնում է, որ հետաքրքիր է լինելու։
«Իմ նախագծերի դեպքում հեռուստադիտողների կողմից բողոքներ, դժգոհություններ են լինում, որ ոչ միշտ եմ լավ ավարտ տալիս ֆիլմին։ Չեմ մանրամասնի, թե ինչ է սպասվում վերջին սերիայում, սակայն բավականին հետաքրքիր լուծումներ են տրված։ Կարծում եմ` յուրաքանչյուրի հույսն ու սպասելիքն արդարացված կլինի»,- ասաց Դիանան` հավելելով, որ մարդիկ, որոնք հետևել են հերոսների ճակատագրին, այս տարիների ընթացքում, իրենց բավարարված կզգան։ Ըստ սցենարիստի` յուրաքանչյուր հերոսի պատմություն հասցրել են տրամաբանական ավարտին։
Դիանան արդեն ձեռնամուխ է եղել նոր նախագծի ստեղծմանը։ «Հաջորդիվ սկսելու ենք նոր նախագիծ, որի փակագծերն առայժմ չեմ ուզում բացել։ Սկսելու ենք մեկ այլ հեռուստասերիալի աշխատանքներ։ Երեկ եմ գրել «Նռան հատիկ»-ի վերջին սերիան, այսօրվանից արդեն հրաժեշտ տված, ուղեղս էլ մի փոքր ազատված ձեռնամուխ ենք լինում նոր նախագծի ստեղծմանն ու արարմանը՝ նոր ծնունդ պետք է լինի»,- ասաց Դիանան։