Արմուշը ժամանել է Հայաստան. դերասանի հատուկ ելույթը Women’s club–ում և անակնկալը Արամ MP3–ին ու Գարիկին
Պարզվում է`դերասանը Հայաստանում է Women’s club–ում ելույթի հատուկ հրավերով։ Հայաստանում լինելու առիթը բաց չթողնելով` «Լավ երեկոյի» սցենարիստներից Ռոբերտ Մարտիրոսյանն առաջարկել է անակնկալ մատուցել Արամին և Գարիկին։
Այսպիսով` Արմուշի Հայաստանում լինելու մասին առաջինն իմացավ Women’s club–ի հանդիսատեսը։ Երբ համարներից մեկի ժամանակ անսպասելի բեմ բարձրացավ Արմուշը` կանացի ժեստերով դիզայների կերպարով, հանդիսատեսի ծափերն անդադար էին։ Դերասանը Women’s club–ի տոնական թողարկման հատուկ հյուրն է, որը եթերում կլինի Կանանց միջազգային օրը` Մարտի 8–ին։
«Վիտամին» ակումբի տնօրեն Վլադ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հանդիսատեսի արձագանքն ինքնին խոսում է այն մասին, թե Արմուշի ելույթը որքան սպասված էր։ «Փորձեցինք ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Արմուշը ելույթ ունենա հենց տոնական թողարկման ժամանակ։ Քանի որ Արմուշը «Վիտամին» ակումբի կարկառուն ներկայացուցիչներից է, նրա ներկայությունը միշտ շատ հաճելի է և՛ մեզ, և՛ հանդիսատեսին»,– ասաց Վլադը։

Women’s club–ում ներկայանալուց հետո էլ Արմուշը շարունակում էր թաքնվել և տանից դուրս գալու պարագայում օգտագործել գլխարկներ ու շարֆեր։ Նրա` Հայաստանում լինելու լուրը ոչ մի կերպ չպիտի հասներ Արամ MP3–ին ու Գարիկին։ Այս գաղտնիքը պահելու համար դերասանը մոտ 5 օր չի կարողացել այցելել հանրային վայրեր, հանդիպել ընկերների զգալի մասին, բայց Արամի և Գարիկի` եթերում ապրած շոկն արժեր այդ զոհողությանը։











