«Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է». Արթուր Գրիգորյան
Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին տեղեկացրել է թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
«Զանգահարել են թատրոնի տնօրենին և ասել, որ այդ հարցը կասեցված է»,- նշել է Գրիգորյանը։
Արթուր Գրիգորյանը նկատեց, որ զարմացած է, որ մինչև հիմա ինչու իրեն պաշտոնապես չեն ծանուցել թատրոնը լուծարելու որոշման մասին․ «Ոչ ոք չի զանգել ինձ ասելու, որ այսպիսի բան կա։ Այ դա է ինձ զարմացրել, ո՞նց կարելի է»։
Հարցին` արդյոք որոշումը կասեցնելուն նպաստել է համացանցում այս թեմայով սկիզբ առած քննադատությունը բազմաթիվ հայտնի մարդկանց կողմից, Արթուր Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկերացրեք, ես համացանցից բան չեմ հասկանում։ Աղջիկս`Մանեն, զանգեց, կարդաց, ինչեր են գրել երգիչները։ Այդպես էլ պետք է լիներ, սա իրենց տունն է եղել, այստեղ են մեծացել»։
Հիշեցնենք, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:





