Քայլելով ժամանակին համընթաց. «Բոհեմ» թատրոնի նորամուծությունը
Սիրված դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն այլևս
կայք ունի: Կայքի ստեղծման առանցքային նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է.հարթակի
շնորհիվ մարդիկ կտեղեկանան «Բոհեմ» թատրոնի ներկայացումների մասին, ինչպես նաև
կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն
դեռևս հանդես չի եկել նման նորարարությամբ:
Կայքի և թատրոնի առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք դերասան,
թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի հետ:

-Պարոն Դուրյան,
խնդրում եմ պատմեք «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի մասին:
-«Բոհեմ» թատրոնը հանրությանը ներկայացրել
է իր նոր՝ www.boheme-theater.am կայքը: Այն ստեղծվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի տենդենցները: Մեր նպատակն է քայլել ժամանակին
համընթաց: Ամբողջ աշխարհում
բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի
խաղացանկին, այլև օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց
պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել
մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով կարծում
եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է:
Հայաստանում
դեռևս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում
առաջինն ենք, որ կիրառել ենք նաև այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները
կհետևեն մեր օրինակին:
-«Բոհեմ» թատրոնը մշտապես հանդիսատեսին է
ներկայանում նոր ներկայացումներով: Վերջին նմանատիպ ներկայացումներից է «Շենքում իրավիճակ է փոխվել» բեմադրությունը: Ինչպե՞ս ծնվեց
այս գործի ստեղծման գաղափարը:
-Պետք
է ասեմ, որ վերջին տարիներին ինձ իսկապես նվիրել եմ երիտասարդներին: Յուրաքանչյուր
բեմադրություն ստեղծելիս առաջին հերթին մտածում եմ, թե նրանք ինչ դեր պետք է խաղան
այդ ներկայացման մեջ: Այս կերպ ցանկանում եմ նաև ճանապարհ հարթել նոր սերնդի համար:
«Շենքում
իրավիճակ է փոխվել» ներկայացումը ստեղծել են երիտասարդները, ես պարզապես օգնել եմ տեսքի
բերել այն: Ներկայացումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրա հիմքում անձնական
պատմություններն են. բոլոր հերոսները մեկ շենքում են ապրում և շենքում իրավիճակ է փոխվել:
Շենքը կարծես պետության մոդել է դարձել: Շատ հետաքրքիր է ստացվել:

-Այս պահին ի՞նչ նոր ներկայացում է բեմադրվում
«Բոհեմ» թատրոնում: Ինչի՞ վրա եք աշխատում:
-Ապրիլի
26-ին դառնում եմ 60 տարեկան, հիմա աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա: Ամեն տարի
չէ, որ 60 ես դառնում, երկու անգամ 60 էլ չես կարող դառնալ: Մոնոներկայացում եմ անելու,
ներկայացման մեջ ներգրավված է նաև նվագախումբ:
Ներկայացնելու
եմ այն ամենն, ինչ զգացել եմ այս 60 տարիների ընթացքում: Պատմելու եմ այն մասին, թե
ինչ եմ կարողացել անել, ինչում եմ հաջողել կամ չեմ հաջողել…






