«Հայկական շոու-բիզնեսին չեմ հետևում և երբեք չեմ հետևել». Արսեն Գրիգորյան
այկական շոու-բիզնեսին երբեք չի հետևել, այս փուլում ունի 19 նորություն, Հայաստանից արտագաղթելու մտադրություն չունի և կողմ է հարկ վճարել, բայց եթե գործ լինի։
2018 թվականի հունիսին երգիչն ԱՄՆ-ում 19 երգից բաղկացած նոր սկավառակ է թողարկել՝ «Ինչ լավն ես» խորագրով, սակայն այն վաճառքի դնելու մտադրություն չունի․ «Այն վաճառքի համար չէ, քանի որ CD-ներ գնելու մշակույթը վերացել է։ Սկավառակը թողարկել եմ համերգային ծրագրերիս ընթացքում վաճառելու և նվիրելու համար։ Ալբոմում ընդգրկված երգերից մի քանիսը պոտենցիալ հիթեր են, որոնք ժամանակ առ ժամանակ կներկայացնեմ տեսահոլովակներով»։
Երգիչն այս փուլում աշխատում է սկավառակի երեք երգի ուղղությամբ՝ «Գտա», «Բարով մնաք, տարիներ» և «Իմ սրտով քաղաք»․ երեքն էլ գրել է Ավետ Բարսեղյանի հետ։ Ստեղծագործություններից առաջինը` «Գտա»-ն, հասանելի կլինի կանանց տոներին ընդառաջ։ «Բոլորի սիրած Արսեն Գրիգորյանն է, որը ժամանակին երգել է «Անվերնագիր», «Սերն է դա»։ Ներկայանալու եմ էստրադային իմ ոճով՝ գեղեցիկ տրամադրությամբ ու լավ վերջաբանով, երբ գտնում ես քո սիրուն»,- Tert.am Life– ի հետ զրույցում վստահեցրել է երգիչը։

Տևական ժամանակ տեսահոլովակներ չներկայացնելու ու էկրանից բացակայելու համար Արսենն ունի իր հիմնավորումը. «Ամբողջ կյանքում չեմ սիրել եթերում լինել։ եթե նորություն եղավ, ինձ կտեսնեք էկրանին, եթե ոչ, չեք տեսնի։ Բացի այդ, ներկայումս մեկ այլ զբաղվածություն էլ ունեմ՝ դասավանդում եմ իմ դպրոց-ստուդիայում և պատրաստում նոր դեմքերի»։
Հայրենական շոու-բիզնեսին վերաբերող մեր հարցին երգիչը կտրուկ արձագանքեց. «Ես հայկական շոու-բիզնեսին չեմ հետևում, երբեք չեմ հետևել։ Ես իմ գործունեությունն եմ ծավալում»։
Վերջին շրջանում Արսենը հաճախ է մեկնում Միացյալ Նահանգներ։ Նրանից հետաքրքրվեցինք՝ գո՞րծ է փնտրում, թե՞ արտագաղթելու մտադրություն ունի։ «Երբեք չեմ մտածել արտագաղթել, ԱՄՆ–ի հետ ապագա չեմ կապել ու աշխատանք որոնելու չեմ գնացել։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն ապրեն Երևանում ու մեզ պես լավ երևանցիներ դառնան։ Շատ սիրում եմ ժամանակ առ ժամանակ գնալ Նահանգներ` որպես զբոսաշրջիկ»,– ընդգծեց նա։






