Այսօր Թովմաս Պողոսյանի ծննդյան օրն է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր Թովմաս Պողոսյանի ծննդյան օրն է


Ծնվել է 1954թ. հունվարի 18-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետ գյուղում: 1960-71թթ սովորել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցում: 1971-72թթ երգել է Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Երևանի Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի պետական անսամբլում: 1972-73թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1973-77թթ ուսումը շարունակել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում:
Ուսմանը զուգընթաց երգել է տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում: Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է աշխատելու ՀՀ Աբովյանի շրջանի Հատիս գյուղի միջնակարգ դպրոց, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1980թ.: 



1980-95թթ հանդես է եկել Հայաստանի Թ.Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում՝ որպես մեներգիչ: 
1980-85թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի Արզաս Ոսկանյանի հայ երգեցողության դասարանում: 1987թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2004թ-ից՝ պրոֆեսոր): 
1987-92թթ հիմնադրել և ղեկավարել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի անսամբլը: 1992թ-ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 
1995թ. «Սայաթ-Նովա» անսամբլի հենքի վրա հիմնադրել է «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, որին կից 1997թ. Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Հայ աշուղների միությունը, իսկ 2001թ. միության շրջանակներում հիմնել է աշուղագիտական կենտրոնը: 


Գրել է բազմաթիվ հոդվածներ թերթերում, ամսագրերում և մասնագիտական ժողովածուներում: Հեղինակել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն, իսկ 2009թ.՝ «Աշուղ Ջիվանի, անհայտ երգեր» ժողովածուն, որն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր, այդ երգերին նվիրված ուսումնասիրություն և Ջիվանու ստեղծագործությունների մատենագիտություն: Ունեցել է բազմաթիվ համերգներ ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում (ԱՊՀ երկրներ, Շվեյցարիա, Իրան, Սիրիա, Հունաստան, Հոլանդիա, Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն): 



2014թ, «Ջիվանու բանաստեղծական ժառանգությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիատական աստիճան: 
2001թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 
2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչման: