Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին
Կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինես բարի և հավատաս. երգչուհի Էմմին ծնողներից ստացած այս խորհուրդն ամենից կարևորն է համարում ու փոխանցում նաև իր որդիներին: Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստան ժամանած երգչուհին արդեն վերադարձել է ԱՄՆ:
Նախորդ տարի Էմմին մեծ մենահամերգով հանդես գալու ցանկություն էր հայտնել: Դա նաև Նադեժդա Սարգսյանի նպատակներից մեկն էր, սակայն այսօր դրա իրագործման վերաբերյալ երգչուհին դժվարացավ հստակ որևէ բան նշել:

Էմմիի խոսքով, երգչուհու կարիերան ակտիվացնելու, նոր շնչառությամբ վերադառնալու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, մի քանի նոր նախագիծ էին մտածել, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին։
«Երեխաներն այնտեղ կմեծանան ոչ միայն որպես երգիչներ, որոնք կցանկանան հայտնի դառնալ, այլև կրթված ու դաստիարակված երաժիշտներ։ Նրանց ապագան մեր ձեռքերում է, որպեսզի հետագայում նրանց էլ ավելի բարձր բեմեր բարձրացնենք, ուղարկենք տարբեր միջազգային մրցույթների»,– ասել է երգչուհին։
Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Էմմին նկատեց, որ թեև կյանքի բերումով տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է ապրում, մտքով մշտապես Հայաստանի հետ է. «Աշխարհի որ երկրում էլ ապրեմ, միևնույն է, հոգով–սրտով միշտ Հայաստանում եմ`կոնկրետ Երևանում, որովհետև Երևանն ինձ համար իմ ընտանիքն է, իմ ծնողներն են, ես եմ և իմ այսքան տարիների աշխատանքը: Երևանն իմ սիրտն է, բայց կյանքի բերումով այսօր հայտնվել եմ ԱՄՆ-ում, որտեղ իմ ընտանիքն է»:

Երգչուհու խոսքով, թե՛ ինքը, թե՛ ամուսինը, օտարության մեջ ամեն կերպ նպաստում են երեխաների հայեցի դաստիարակությանը։
Երկու տղաների մայրիկ լինելը, Էմմիի կարծիքով, հաճելի պատասխանատվություն է, նրանց մասին հոգ տանելն ու դաստիարակելը և որևէ դժվարություն չի ենթադրում:





