Էդգար Իգիթյանը՝ սպասվելիք հարսանիքի ու հանգստի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգար Իգիթյանը՝ սպասվելիք հարսանիքի ու հանգստի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանի համար աշխատանքային տարին դեռ չի ավարտվել: Նա շարունակում է քրտնաջան աշխատանքն այն ժամանակ, երբ բոլորը հանգստանում են: Այդուհանդերձ, դերասանը սիրում է ճանապարհորդել ու առաջիկայում պլանավորում է մեկնել Հունաստան:

Էդգարն էքստրեմալ հանգստի սիրահար է, բայց կարող է լիցքաթափել նաև ծովափին՝ տաք ավազին պառկած: «Հանգիստ ասվածն ինձ մոտ ասոցացվում է ծովի, ավազի ու բնության հետ: Եթե կան այդ բաղադրիչները, ուրեմն՝ լավ հանգիստն ապահովված է»,- ասում է դերասանն ու հավելում, որ հանգստի տարբերակներ ընտրելը հիմնականում կախված է լինում այդ պահի տրամադրությունից. «Ինձ համար հանգիստն անմիջականորեն կապվում է նաև սպորտի հետ: Ես սպորտի միջոցով ևս կարողանում եմ լիցքաթափվել: Բայց քանի որ այս ընթացքում գրաֆիկս մի փոքր ծանրաբեռնված է ՝պայմանավորված սերիալի նկարահանումներով, ցավոք, չեմ հասցնում գնալ մարզասրահ»:

Դերասանը սեպտեմբերի սկզբին պլանավորում է ամուսնանալ, որից հետո արդեն կնոջ հետ կմեկնի հանգստի. «Հանգիստն ու մեղրամիսը կհամատեղենք: Կարծում եմ՝ կհասցնեմ ամառ ասվածից հաճույք ստանալ: Ուզում ենք Հունաստան գնալ, բայց դա դեռ վերջնական չէ: Շատ կուզենամ, որ ստացվի, քանի որ միշտ ցանկացել եմ լինել այդ երկրում»:

Էդգարը սպասվող հարսանիքի մասին մանրամասնել շատ չի ուզում. «Կասեմ միայն, որ հայկական ավանդական ձևաչափից փորձել ենք դուրս գալ ու կազմակերպել եվրոպական մոտիվներով հարսանեկան արարողություն: Եկեղեցում ստանալու ենք Աստծո օրհնությունը, այնուհետև մեր հարաբերությունները օրինականացնելու ենք ՔԿԱԳ-ում և մեկնենք ճանապարհորդության»,- ասաց դերասանը:

Նշենք, որ Էդգարը ցանկալի փեսացուների շարքը լքել է նախորդ տարվա սեպտեմբերին: Նա և սիրելին՝ Լուսինեն, աշխատում են նույն ոլորտում, բայց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցի միջոցով: