Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն
«Այս ներկայացումը նվիրված է քառօրյա պատերազմին: Պիեսը գրվել է իրական դեպքերի հիման վրա, սակայն, բնականաբար, ունի գեղարվեստական լուծումներ: Սա խոնարհում է և՛ այն բոլոր տղերքին, ովքեր այդ օրերին առաջնագծում էին, և՛ նրանց, ովքեր թիկունքում ամեն ինչ արեցին, որպեսզի սահմանում գտնվողները թե՛ նյութապես, թե՛ հոգեպես որևէ բանի կարիք չունենան, հասկանան, որ մեկ ազգ-երկու պետություն կանգնած են իրենց կողքին», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Ներկայացման մեջ հերոսների իրական անունները չեն պահպանվել, քանի որ նրանց բացահայտվելը կարող էր հանդիսատեսի մոտ հուզական ֆոնն առավել սրել: Ինչպես թատրոնի տնօրենն է նկատում՝ չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել նաև զոհված տղաների ծնողներն ու մտերիմները, ապրիլյան պատերազմին մասնակից տղաները:






