
Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» գրքի շնորհանդեսը՝ նվիրված հռչակավոր թավջութակահարուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանին: Միջոցառումը նախաձեռնել էր Երևանի կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Գոհար Շագոյանը: Միջոցառմանը ելույթներ ունեցան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը, ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ՀԿԿ Լենինականի քաղկոմի 2-րդ քարտուղար Դոնարա Հարությունյանը, կոմպոզիտորներ Արզաս Ոսկանյանը, Մարտին Վարդազարյանը, երաժշտագետներ, արվեստագիտության դոկտորներ Մարգարիտա Ռուխկյանը և Իրինա Զոլոտովան, մշակույթի կազմակերպիչ Արսինե Աթթարյանը (Կանադա) և ուրիշներ: Համերգային կատարմամբ հանդես եկան դաշնակահարուհի, ՀՀ վաաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը, դաշնակահարուհի Մարինա Գևորգյանը, սոպրանո Արմինե Վարդանյանը և այլն: Միջոցառմանը Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը Մեդեա Աբրահամյանին պարգևատրեց ընկերության բարձրագույն պարգև «Կոմիտաս» հուշամեդալով:
Խոսելով գրքի մասին Սերգեյ Մանվելյանն ասաց.
«20-րդ դարի երկրորդ կեսի հայ դասական կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին պատմող այս ժողովածուում, ըստ ժամանակագրության, ամփոփված են նրա կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր՝ հուշեր, հոդվածներ, լուսանկարներ, ազդագրեր, նամակներ և այլ բնույթի վավերագրեր, որոնց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ: Գրքում օտարալեզու ընթերցողին ներկայացված է նաև նրա նվագացանկը (օտարազգի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ), ինչպես նաև անհրաժեշտ ծանոթագրություններ, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն ամփոփումներ», -
EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում ասաց՝ Սերգեյը:
Ի դեպ Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» գրքը կարող եք հարցրեք Երևանի գրախանութներում:
Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Գարեգին ԱՂԱԲԵԿՅԱՆԻ