Playboy-ը փոխում է իր կողմնորոշումը. ամսագիրն այժմ ունի համասեռամոլ գլխավոր խմբագիր, որը խոստանում է հրապարակել «էթիկական» մերկություն

Լեգենդար Playboy ապրանքանիշը վերադարձնում է իր հայտնի Playmates-ին և այցեքարտ դարձած Bunnies-ին: The Post-ի փոխանցմամբ՝ դժվարություններ ունեցող հրատարակչության կառավարման լայնածավալ վերանայման շրջանակներում, բարձրաստիճան ղեկավարները շեշտում են, որ թարմացված ամսագիրը որևէ կապ չունի պոռնոգրաֆիայի հետ։
Playboy-ի գլխավոր խմբագիր և ապրանքանիշի տնօրեն Ֆիլիպ Պիկարդին վստահեցրել է, որ «Playboy-ի և պոռնոյի միջև միշտ էլ մեծ տարբերություն է եղել, հատկապես այն բովանդակության համար, որն այժմ հասանելի է բոլորի համար՝ սոցիալական ցանցերում ընդամենը երկու սեղմումով»։ «Ինձ համար՝ որպես ստեղծագործողի, մերկությանը արվեստ և իմաստ վերադարձնելու խնդիրը չափազանց հետաքրքիր մարտահրավեր է եղել»։
Թարմացված տպագիր եռամսյակի առաջին համարը, որի շապիկին պատկերված է կոլումբիացի փոփ աստղ Կարոլ Ջին, արդեն ամբողջությամբ վաճառվել է: Երկրորդ համարի համար, որի վրա պատկերված է դերասանուհի և մոդել Կարա Դելևինը (ով շապիկին հայտնվում է միայն լատեքսային կորսետով), հրատարակիչները նախատեսում են մեծացնել տպաքանակը։
Համաձայնության և սեքսիզմի բացակայության դարաշրջան
Ամսագրի տպագիր տարբերակը սառեցվել է 2020 թվականին: Այժմ նոր թիմ է վարձվել՝ այն փրկելու համար։ Ֆիլիպ Պիկարդին՝ Playboy-ի առաջին բացահայտ համասեռամոլ գլխավոր խմբագիրը, մեզ վստահեցնում է, որ խաղի կանոնները կտրուկ փոխվել են.
Կանայք իրենք են որոշում, թե որքան մերկություն են պատրաստ ցուցադրել նկարահանման հրապարակում։
Մոդելները անձամբ հաստատում են լուսանկարիչներին և ոճաբաններին և մասնակցում ստեղծագործական կոնցեպտի մշակմանը։
Հրատարակությունը շեշտը դնում է կենդանի, չմոնտաժված պատկերների վրա՝ առանց գռեհկության։
«Ես Playboy-ում մեր արածը չէի անվանի «ֆեմինիզմ». դա չափազանց ուժեղ բառ է, և շատերը չեն համաձայնի դրա հետ։ Բայց ես անպայման կասեմ. մեր գլխավոր կանոնն այն է, որ կանայք իրենք են որոշում, թե ինչ և ինչպես ցուցադրել», - ընդգծել է Պիկարդին՝ նշելով, որ ինքը բազմաթիվ դրական արձագանքներ է ստանում ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց կողմից։
Անցյալի ուրվականները և թվային դարաշրջանը
Ապրանքանիշի ֆինանսական ցուցանիշները աստիճանաբար բարելավվում են. 2025 թվականին եկամուտը կազմել է 120.9 միլիոն դոլար, մինչդեռ զուտ վնասը կրճատվել է մինչև 12.7 միլիոն դոլար (նախորդ տարվա 79.4 միլիոն դոլարի համեմատ)։ Այնուամենայնիվ, մասնագետները կասկածանքով են վերաբերվում վերագործարկմանը։
Հյու Հեֆների կողմից 1953 թվականին հիմնադրված ամսագիրը դժվար ժամանակներ է ապրում: 1970-ականներին իր փառքի գագաթնակետին նրա տպաքանակը գերազանցում էր ամսական 7 միլիոն օրինակը: Սակայն ինտերնետի, անվճար պոռնոգրաֆիայի և OnlyFans-ի նման ծառայությունների աճը ոչնչացրել է ավանդական բիզնես մոդելը։
Ավելին, ապրանքանիշը փորձում է հեռանալ իր հիմնադրի մութ ժառանգությունից: Հեֆների մահից և «Playboy Secrets» վավերագրական շարքի 2022 թվականին թողարկումից հետո մեդիա մագնատի նախկին մոդելներն ու սիրահարները նրան մեղադրել են մանիպուլյացիաների, սեռական բռնության և կանանց շահագործման մեջ:




