Հայտնի է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ի օրը. հայտագրումը սկսված է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ի օրը. հայտագրումը սկսված է




Հայկական ազգային երաժշտական ակադեմիան արդեն երկրորդ տարին ներկայացնում է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Հայտագրումը սկսված է։

«Խազեր» առաջին մրցանակաբաշխությունն իրական տոն պարգևեց հայ արտիստներին։ Մրցանակաբաշխության հաջող մեկնարկը արտիստների համար շարժառիթ դարձավ նոր աշխատանքների իրականացման, ստեղծվեց որակյալ աշխատանքի գնահատման կայուն հարթակ։
Մրցանակաբաշխությունն ամփոփելու է 2025 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Ներկայացված անվանակարգերը 18-ն են և մեկ հատուկ մրցանակ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ համապատասխանության։ Մեկ արտիստը, նախագիծը կամ խումբը կարող է առաջադրվել միաժամանակ մի քանի անվանակարգերում։

Քվեարկության փուլերը մնում են անփոփոխ. հայտերի հավաքագրման փուլից հետո Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամների կողմից կազմվելու է կարճ ցուցակ (shortlist)։ Այնուհետև կարճ ցուցակում ներառված արտիստներից ընտրությունն իրականացվում է Ակադեմիայի 300-ից ավելի անդամների կողմից՝ փակ քվեարկությամբ։ Ակադեմիայի բոլոր անդամները երաժշտական ոլորտի տարբեր ժանրերում ակտիվ գործունեություն ծավալող անձինք են՝ երաժիշտներ, պրոդյուսերներ, երգիչներ և ուրիշներ։ Քվեարկության արդյունքները ամփոփվելու են հատուկ մշակված ավտոմատ համակարգով և մրցանակակիրները հայտարարվելու են հենց մրցանակաբաշխության օրը։

Հայտագրվելու համար անհրաժեշտ է.
-այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am
-սեղմել «Դիմել հիմա» կոճակը
-անվանակարգերից ընտրել մեկը կամ մի քանիսը, որոնք համապատասխանում են 2025
թվականին կատարած գործունեությանը
-լրացնել հայտը

Հայտերը բաց կլինեն մինչև փետրվարի 20-ը ներառյալ։

Ի դեպ, երկրպագուները նույնպես կարող են առաջադրել նախընտրելի նախագծերին և
արտիստներին anma.am կայքում՝ «Երկրպագուների համար» բաժնում։
«Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-նը տեղի կունենա մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և ցուցադրվելու է «Արմենիա թիվիի» ուղիղ
եթերում։