Մահացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը

59 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, հեռուստահաղորդավար եւ պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը: Ցավալի լուրն իր տելեգրամյան ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը:
«Այս գիշեր Տիգրանը գնաց Արարչի մոտ», - գրել է Սիմոնյանը:
Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել եւ գտնվում է կոմայի մեջ: Ռեժիսորը վաղուց սրտի լուրջ խնդիր ուներ:
Մարգարիտա Սիմոնյանը դեռ այն ժամանակ ընդգծել էր, որ ամենածանր վիճակում գտնվում է Քեոսայանի մայրը, որը 2 տարի առաջ կորցրել է ավագ որդուն՝ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Դավիթ Քեոսայանին:
Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին՝ Մոսկվայում՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի եւ դերասանուհի Լաուրա Գեւորգյանի ընտանիքում: 1983 թվականից աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Այդ թվականին նկարահանել էր իր առաջին՝ «Արեւոտ ծովափ» դրաման։


