Home Ժամանց Դերասանների հույզերը՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայից հետո
Home Ժամանց Դերասանների հույզերը՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայից հետո

Դերասանների հույզերը՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերայից հետո




Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքը՝ իր բոլոր գույներով՝ դժվարություններով ու գեղեցիկ պահերով ներկայացված է «Genetic Production»-ի «Վազեն․ վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացավ հենց Սպարապետի ծննդյան օրը՝ մարտի 5-ին:

Ֆիլմում ներկայացված են փաստեր, որոնք ցույց են տալիս սպարապետի անդադար կռիվները՝ մանկության շրջանի ծանր դրվագից, մինչեւ պայքարը՝ հանուն իր ամենամեծ սիրո՝ Հայրենիքի:

«ֆիլմում չկան հորինված դրվագներ: Վազգեն Սարգսյանը, եթե ուշադիր լինեք, անգամ իր կոկորդի վրա փոքրիկ նշան ուներ. եգիպտացորենի հատիկ էր կանգնել կոկորդին, երբ մեկ տարեկան էր, փոքրիկ կտրվածք են արել, ու ասել են, որ երեխան մահացած է, բայց ինքն ապրել է»,-պատմում է Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

Հայատան, հայ, Հայրենիք, սեր՝ սրանք են գլխավոր դերակատար Խորեն Լեւոնյանի խոսքով ֆիլմում դրված ամենակարեւոր գաղափարները: Սպարապետին մարմնավորելը պատասխանատու առաքելություն էր դերասանի համար, նա կատակում է՝ մինչ այս ֆիլմը շատերն ասում էին, որ պապին է նման՝ Խորեն Աբրահամյանին, իսկ հիմա նմանեցնում են Վազգեն Սարգսյանին: Նա նշում է՝ միայն ուրախ է, եթե իրեն հաջողվել է ըստ արժանվույն մարմնավորել Սպարապետին՝ առանց ավելորդ պարոդիայի՝ նրա էությունը փոխանցելով:

«Ֆիլմի հենց առաջին օրվանից, երբ ես ստացել եմ հրավերը, մինչեւ այս պահը, եւ դեռ չգիտեմ՝ ինչքան կշարունակվի, ինձ համար եղել է շատ դժվար, դաժան, որովհետեւ ներքին հարցեր կան, ինչպես նշել եմ՝ ինչ-որ նմանություններ եմ գտնում, ինչ-որ աշխարհայացքներ եմ նմանեցնում, ու ես էլ այդ հարցերի պատասխաններն անընդհատ ման եմ գալիս, գուցե չգտնենք այդ պատասխանները, բայց ես կարծում եմ, որ մենք սխալներ ունենք եւ պետք է այդ սխալներն ուղղել»:

«Հայրենիքը Աստված է»,-ասում է Խորեն Լեւոնյանը, որը կիսում է նաեւ Սպարապետի մտքերն Անկախության մասին:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն անհավանական կերպարանափոխության էր ենթարկվել՝ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին մարմնավորելու համար: Նրա հերոսուհին հավաքական կերպար է, որն իր հերթին մարմնավորում էր հայրենիքի համար պայքարող հերոսների մայրերին:

«Ես նաեւ այդ ժամանակի մեջ ապրող կանանց եմ շատ լավ ճանաչել, որոնք եղել են մեր հարեւանուհիները գյուղում, որոնց տղաները եղել են ճակատում ցավոք սրտի… Տեսել եմ երեխաներ, որոնք իրենց հայրերին են կորցրել… Շատ օրինակներ ունեմ իմ առաջ, բայց այնպես չէ, որ այդ ցավն այն ժամանակ այլ կերպ էին ընկալում, նույնն է»,-ասում է դերասանուհին։

Ֆիլմը հասցեագրված է եւ՛ փոքրին, եւ՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժեւորումը։ Հեղինակները վստահ են՝ Վազգեն Սարգսյանի գործն ու հերոսությունները շարունակական են լինելու:

Գլխավոր լուսանկարը՝ Ագնեսա Կիրակոսյանի