Home Ժամանց Հայաստանը եւս մեկ քայլով մոտ է եվրատեիլյան պատվիրակի ընտրությանը. ի՞նչ է սպասվում «Դեպի Եվրատեսիլ»-ի ընթացքում
Home Ժամանց Հայաստանը եւս մեկ քայլով մոտ է եվրատեիլյան պատվիրակի ընտրությանը. ի՞նչ է սպասվում «Դեպի Եվրատեսիլ»-ի ընթացքում

Հայաստանը եւս մեկ քայլով մոտ է եվրատեիլյան պատվիրակի ընտրությանը. ի՞նչ է սպասվում «Դեպի Եվրատեսիլ»-ի ընթացքում



Հայաստանը եւս մեկ քայլով մոտ է «Եվրատեսիլ»-ում մեր պատվիրակի ընտրությանը: Հաղթող մասնակիցն այս տարի պարզ կդառնա «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքում, որը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ մինչ այդ մրցույթի եզրափակիչ անցած 12 մասնակիցները հանդիպեցին ձյունառատ Գեղարդում, ծանոթացան, որոշեցին միմյանց ելույթների հերթականությունը ու շփվեցին լրագրողների ու ինֆլուենսերների հետ:



Ինչպե՞ս որոշվեց, որ մեր մասնակիցը պետք է ընտրվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթով: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնակիցներն ու երգերը: Ինչպե՞ս է որոշվելու հաղթողը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի հետ:



«Ինչպես յուրաքանչյուր տարի, Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր մասնակից հանրային հեռարձակողներին իրավունք է տալիս երկու տարբերակով ընտրել մասնակցին՝ կամ ներքին ընտրությամբ, կամ ազգային: Սա մեր 17-րդ մասնակցությունն է մրցույթին. տարիների ընթացքում եղել են եւ ազգային, եւ ներքին ընտրություններ, ու երբ քննարկում էինք այս տարվա մասնակցի ընտրությունը, որոշեցինք վերադառնալ «Դեպի Եվրատեսիլ»-ին, որովհետեւ, նախ, շատ էին այն արտիստները, որոնք դիմում էին մեզ, հետո մենք հասկացանք, որ վերջին «Դեպի Եվրատեսիլ»-ից 5 տարի է անցել, ի վերջո սերնդափոխություն է եղել, կան նոր անուններ, նոր երգիչներ, որոնք, գուցե, դեռ այդքան էլ ճանաչված չեն, բայց շատ տաղանդավոր են, եւ նրանց ինչ-որ հարթակ է պետք ելույթ ունենալու, ու գուցե «Եվրատեսիլ» գնալու: Դատելով երգերից ու երկրպագուների արձագանքից՝ կարծես չենք սխալվել, շատ հետաքրքիր մրցակցություն է լինելու ու, ինչպես երկրպագուներն են գրում, շատ թեժ պայքար է սպասվում»,-մանրամասնեց Դավիթը:



Նա նշեց, որ Առաջին ալիքը 50-ից ավել հայտ է ստացել, որից հետո հավաքվել է մասնագետներից բաղկացած խումբ, որոնք ուսումնասիրել են ներկայացված բոլոր երգերն ու կատարել իրենց ընտրությունը: «Բնականաբար առաջնային ուշադրություն դարձվել է երգին, բայց նաեւ կարեւոր է եղել պահել բալանսը, այսինքն՝ որ լինեն եւ արդեն կայացած ու հայտնի արտիստներ, եւ միեւնույն ժամանակ հնարավորություն տալ նոր արտիստների: Իսկ ժանրային առումով ֆոկուս խումբը փորձել է այնպես անել, որ հանդիսատեսը հնարավորինս տարբեր ժանրեր լսի ու ընտրության հնարավորություն ունենա»:

Մասնակիցներն իրենք էլ առաջին անգամ Առաջին ալիքի հայտարարությունից հետո են իմացել, թե ովքեր են իրենց մրցակիցները եւ ինչ երգերով են մրցելու:

Ծանոթությունը ստացված է, ելույթների հաջորդականությունը որոշված: Իսկ ո՞ր համարն է «Եվրատեսիլ»-ում ամենահաջողակն ու հիշվողը:





«Ինչպես ցանկացած շոուի դեպքում, այնպես էլ՝ «Եվրատեսիլ»-ի, ելույթների հերթականությունը շատ հարաբերական է. ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ,-ասում է Դավիթը,-Նախ՝ ի տարբերություն «Եվրատեսիլ»-ի, «Դեպի Եվրատեսիլ»-ում ընդամենը 12 մասնակից է, ու այս դեպքում այնքան էլ դժվար չէ հիշել առաջին մասնակցին: Երկրորդ՝ ամեն ինչ կախված է մրցող երգերից: Գուցե լինեն երգեր, որոնք, անկախ իրենց համարից, հիշվում են, եւ այնպիսիք, որոնք ըստ երկրպագուների շատ լավ տեղ ունեն, բայց, միեւնույն է, մոռացվում են»,-նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նա նաեւ խոսեց հաճախ երգերը այլ երգերի նմանեցելու փորձերի մասին:



«Մեր օրերում շատ բարդ է որեւէ երգ անվանել պլագիատ, որովհետեւ ամբողջ երաժշտական աշխարհում ցանկացած դեպքում թույլատրված է վերցնել որեւէ հայտնի ստեղծագործություն, եւ դրա մոտիվը, երբեմն՝ նոտաները օգտագործել՝ փորձելով ստանալ նոր երգ. սա ամեն օր կարող եք տեսնել միջազգային շուկայում»:



Փետրվարի 16-ին հանդիսատեսին սպասվում է մաքսիմալ գունեղ, դինամիկ շոու, ասում է Դավիթը,-«Քանի որ մեր երգերն արդեն ինչ-որ էտապ անցել են, կարծում եմ՝ էական չի լինի դրանց հերթականությունը: Հաղթողը կորոշվի ինչպես «Եվրատեսիլ»-ում՝ քվեարկության միջոցով. կլինի պրոֆեսիոնալ ժյուրի, կունենանք նաեւ հեռուստադիտողների քվեարկություն, իսկ հեռուստադիտողի ցանկացած քվե հաճախ շատ վճռորոշ դեր է ունենում»,-հավելում է նա:




Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք շոուն կբացի Պարգը՝ ելույթ ունենալով 01 համարի ներքո, համերգը կեզրափակի Աթենա Մանուկյանը՝ 12-րդ համարի ներքո:

Մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝

Պարգ-01

«Սեւագիր»-02

Անահիտ Ադամյան-03

Մելս-04

Սիմոն-05

Ֆլորա Բիչախչյան-06

Գեւորգ Հարությունյան-07

Altsight-08

Անահիտ Հակոբյան եւ Գասոյա-09

Արսեն եւ Կամիլ-10

Միլենա Ամիրջանյան-11

Աթենա Մանուկյան-12

«Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում: