Home Միջազգային Հնարավոր է, որ Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար
Home Միջազգային Հնարավոր է, որ Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար

Հնարավոր է, որ Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար




Ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպմանն ուղղված գումարներն արդյո՞ք ծառայելու են իրենց նպատակին, թե՞ ոչ։

Այս մասին 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, որին ի պատասխան նախարարը նշեց.

«Արտիստի համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են, ուստի կարիք կա տեղեկացնելու, որ համերգը կայանալու է: Կարևոր արձանագրում է, ֆիքսենք պարզապես, որ քննարկվում է ամսաթիվը, համերգի օրը, և երբ պարզ լինի դա, մարդիկ կկարողանան մասնակցել: Հնարավոր է համերգը տեղի ունենա օգոստոսին։ Այժմ սպասում ենք գրավոր առաջրակի, որպեսզի ժամկետի մասին հայտարարվի պաշտոնապես»:

Անդրեասյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում սպասում են կազմակերպության կողմից առաջարկների։

«Ժամկետի հետ կապված երեք առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը այն կազմակերպելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել էին, որ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում:

Ավելի վաղ Tert.am-ին «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը հայտնել էր, որ չի բացառում, որ Սնուփ Դոգի համերգը կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, ինչպես ավելի վաղ համերգի անցկացումը հավանական էր համարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։