Home Սպորտ Վալերի Ծառուկյան․ «Շատ ուրախ կլինեմ, եթե հրավիրվեմ Հայաստանի հավաքական»
Home Սպորտ Վալերի Ծառուկյան․ «Շատ ուրախ կլինեմ, եթե հրավիրվեմ Հայաստանի հավաքական»

Վալերի Ծառուկյան․ «Շատ ուրախ կլինեմ, եթե հրավիրվեմ Հայաստանի հավաքական»




Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացավ «Նիժնի Նովգորոդից» և պայմանագիր կնքեց հունգարական «Ֆերենցվարոշի» հետ: Սևիկյանի տրանսֆերը վաճառելուց անմիջապես հետո ռուսական ակումբը ձեռք բերեց մեկ այլ հայ ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանին: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նիժնի Նովգորոդը», ըստ ոչ պաշտոնական տվյալների, Վլադիկավկազի «Ալանիային» վճարեց 100 հազար եվրո: Մինչև Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Ծառուկյանը խաղացել էր Վորոնեժի «Ֆակելում», Աստրախանի «Վոլգարում» և Վլադիկավկազի «Ալանիայում»՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայում անցկացնելով 62 հանդիպում և դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

VNews-ը զրուցել է հարձակողական ոճի կիսապաշտպանի հետ, որը դեռևս չի համարվում «Նիժնի Նովգորոդի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, սակայն մրցաշրջանի գարնանային հատվածում մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման՝ բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման:

Վալերի, որտեղի՞ց են արմատներդ: Ե՞րբ և որտե՞ղ ես սկսել ֆուտբոլով զբաղվել:

Ծնողներս Թբիլիսիից են, բայց ես ծնվել եմ Ստավրոպոլում և հենց այնտեղ էլ սկսել եմ առաջին քայլերս:

Ունե՞ս հայկական անձնագիր: Երբևէ հրավեր ստացե՞լ ես՝ Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում խաղալու:

Ոչ, հայկական անձնագիր չունեմ և նախկինում նման հրավեր չեմ ստացել:



Կարիերայիդ ընթացքում հիմնականում խաղացել ես Ռուսաստանի Առաջին լիգայում՝ ՖԱԼ-ում: Այս տարիների ընթացքում չե՞ն եղել կարիերան այլ երկրում շարունակելու տարբերակներ:

Պաշտոնական առաջարկներ չեն եղել:

Հայաստանում ունե՞ս բարեկամներ և երբևէ եղե՞լ ես պատմական հայրենիքում:

Հայրիկի կողմից շատ ազգականներ ունեմ: Մեկ անգամ էլ եղել եմ Հայաստանում:

Հետևո՞ւմ ես հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի հավաքականի հանդիպումներին:


Հնարավորության դեպքում դիտում եմ հավաքականի խաղերը:

Ձմռանը տեղափոխվեցիր «Նիժնի Նովգորոդ»: Այդ ժամանակ բավականին շատ էին խոսակցություններն այն մասին, որ ռուսական ակումբը քո տրանսֆերը ձեռք է բերել, որպեսզի փոխարինես թիմից հեռացած Էդգար Սևիկյանին: Ի վերջո տեղափոխության գլխավոր դրդապատճառը դա՞ էր, թե՞ թիմում այլ դերակատարում ունես:

Այո, շատ էին նմանատիպ խոսակցությունները, բայց ես կարծում եմ, որ դա այդքան էլ խելամիտ տեսակետ չէ: Ես տեղափոխվել եմ Ռուսաստանի Պրեմիր լիգա, քանի որ նախկինում ինձ լավ եմ դրսևորել Ֆուտբոլի ազգային լիգայում:



Դեռևս շատ խաղաժամանակ չես ստանում նոր ակումբում: Մրցակցությունը մե՞ծ է քո դիրքում:

Մրցակցություն միշտ լինելու է, բայց ես վստահ եմ, որ իմ շանս ստանալու ժամանակը ևս գալու է:

Հայ ֆուտբոլիստների շրջանում ունե՞ս ընկերներ:

Էդուարդ Սպերցյանին գիտեմ դեռևս «Կրասնոդարի» ակադեմիայում խաղալու տարիներից, քանի որ ես էլ մեկ տարի անցկացրել եմ այնտեղ: Բայց չեմ կարող ասել, որ մենք այնքան մոտ ենք, որ ամեն օր խոսում ենք հեռախոսով, կամ ճաշում ենք ռեստորանում: Հայ ֆուտբոլիստներից իմ մոտ ընկերն է Սերգեյ Մոսիյանը (21-ամյա հարձակվող Սերգեյ Մոսիյանը և կիսապաշտպան Արթուր Առուստամյանը խաղում են Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող Լիպեցկի «Մետալուրգում»):

Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուց հետո ի՞նչ պատասխան կտաս:

Շատ ուրախ կլինեմ և կընդունեմ հրավերը: