Home Հարցազրույց «Սահմին եկել է ինձ բուժելու». Իննա Խոջամիրյանը՝ 2 տարվա դադարի, «Սիրելի Սահմի»-ի, Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի և համբույրի տեսարանի մասին
Home Հարցազրույց «Սահմին եկել է ինձ բուժելու». Իննա Խոջամիրյանը՝ 2 տարվա դադարի, «Սիրելի Սահմի»-ի, Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի և համբույրի տեսարանի մասին

«Սահմին եկել է ինձ բուժելու». Իննա Խոջամիրյանը՝ 2 տարվա դադարի, «Սիրելի Սահմի»-ի, Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի և համբույրի տեսարանի մասին




Իննա Խոջամիրյանին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստանախագծերից, բայց դերասանուհու մոտ տևական դադար էր և մոտ 2 տարի է նա չէր նկարահանվում հեռուստանախագծերում և դադարից հետո դերասանուհին նկարահանվում է «Սիրելի Սահմի» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սահմիին:

Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է տևական դադարի, հերոսուհու, սիրելի տեսարանի և Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի մասին:



«Սիրելի Սահմի» հեռուստասերիալը պատմում է սիրո, ժամանակաների տարբերության, սերունդների բախման և մերօրյա երիտասարդներին հուզող մի շարք թեմաների շուրջ և նախագիծն իր մեջ պարունակում է մի քանի ժանրեր. միստիկա, դրամա, ֆենտզի: Դեռևս նոյեմբերին մեկնարկել են հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները, իսկ Իննա Խոջամիրյանը նկարահանման հրապարակ է վերադարձել տևական դադարից հետո:

«Եթերային դադարը կարևոր պահ է դերասանի կյանքում: Մեր շուկան շատ փոքր է և պարերաբար տարբեր նախագծերում նկարահանվելիս դու ունենում ես կերպար ձևավորելու խնդիր, որի արդյունքում կորցնում ես քեզ, երբ գտնվում ես այդ արտադրական գործընթացի մեջ՝ անընդհատ «տալով» չես ունենում ժամանակ, որ հասկանաս ինքդ քեզ և հերոսուհուդ: Ժամանակին, երբ ասում էին, որ կա դադարի կարիք ես չէի լսում, բայց այժմ հասկանում եմ, որ իսկապես ունեի հանգստի կարիք»,- ասաց դերասանուհին:



Դերասանները ժամանակի ընթացքում դառնում են յուրաքանչյուր ընտանիքի «տան անդամը», երբ տարիներ շարունակ տարբեր հեռուստանախագծերում հեռուստադիտողը տեսնում է հերոսին, ծանոթանում նրա հետ՝ ընտելանալով այս կամ այն կերպարին: Իննա Խոջամիրյանն այն դերասանուհիներից է, որ կարողացել է տարբեր հեռուստասերիալներում նկարահանվելով գրավել հեռուստադիտողի սիրտը՝ լինելով հայկական ռեյթինգային մի շարք նախագծերի գլխավոր հերոսուհին: Մեզ հետ զրույցում դերասանուհին անկեղծացել է՝ պատմելով, թե ինչ է տվել նրան հենց այս եթերային դադարը:

«Սահմին բեկումնային կերպար է, որը հայտնվել է կյանքիս բեկումնային փուլում, երբ ես լիովին այլ վերաբերմունք եմ ձևավորել դերասանի աշխատանքի մասին: Եթե խոսենք առաջին մեծ ու ստացված նախագծի՝ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին, կարող եմ ասել՝ Էլենին կերտելիս միտքս շատ ավելի մաքուր էր, իսկ այժմ ես ստեղծում եմ «սպիտակ թուղթ» հենց այն աղջկա համար, որին կերտելու եմ: Այս մոտեցումը խանգարում է նկարահանվել երկարատև հեռուստանախագծերում, որտեղ դու ուզում ես թրծել կերպարը, բայց ժամանակին զուգընթաց դու սկսում ես կորցնել զարկերակը և մեծամասամբ կերպարը սկսում է կերտվել ու ձևավորել քեզնով և քո բնավորությամբ, ոչ թե հերոսուհու»,- նշեց նա:



«Սիրելի Սահմի»-ն էքսպերեմենտալ նախագիծ է հայկական հեռուստաշուկայում, քանի որ նախագծի հեղինակները միախառնել են մի քանի ժանր՝ խոսելով արդիական թեմաների մասին: Ռոմանտիկ դրամա, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը: Դերասանուհին նշում է, որ ամեն դետալի մանրակրկիտ և զգուշությամբ է մոտենում:

«Շատ մեծ կարևորություն եմ տալիս, թե տեսարանում ինչ հոգեվիճակ ունի Սահմին, ինչ հույզեր, մտածմունքներ: Մենք Սոսի հետ ամեն տեսարանից առաջ երկար զրուցում ենք, թե ինչու է տեսարանն այդպիսին, ինչի արդյունքում է հերոսուհին եկել այս հոգեվիճակին, ինչ է մտածում հերոսն ու այդպես շարունակ, քանի որ ունենք 10 սերիա, որով պետք է ներկայացնենք սիրուն պատմությունը: Խաղալու ընթացքում կարողացել եմ շոշափել Սահմիին և այսքան դերեր մարմնավորելուց հետո կարող եմ ասել՝ ամենաշատը նման եմ հենց Սահմիին. շատ փշոտ և փշալալերով պաշտպանվող և թերահավատ աղջնակ, որը ներքուստ այդպիսին չէ և պետք է ընդամենը «պոկել» մի փշալար, որից հետո Սահմին կդառնա վարդ ու հենց այդ կետում էլ երևում է, որ Սահմին շատ նուրբ աղջիկ է, որին ժամանակի ընթացքում փոխել են հանգամանքները և դարձրել այնպիսին, ինչպիսին այժմ տեսնում է հեռուստադիտողը: Իմ յուրաքանչյուր կերպար նաև խնդիր է լուծել իմ ներսում և կարող եմ ասել, որ Սահմին եկել է ինձ բուժելու»,- անկեղծացավ դերասանուհին:



Զրույցի ընթացքում դերասանուհին հավելեց, որ ինքը ևս հավատում է հրաշքների, ինչպես Սահմին:

«Եթե Իննային պատմեք, որ աշխարհում գոյություն ունի մի քար, որը կկարողանա ինձ ժամանակի մեջ տեղափոխել՝ ես վստահաբար կհավատամ Ձեզ և ես իրապես ուզում եմ հավատալ հրաշքին: Ես կգնամ ու Միհրանի պես գիշերվա հազարին ջուրը կլցնեմ գլխիս՝ սպասելով հրաշքի: Սահմին կարողանում է վերակենդանացնել իմ ներսում ապրող աղջնակին, որը հավատում է հրաշքներին»,- պատմեց նա:

Համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ օգտատերերը տեղադրում են իրենց սիրելի հատվածները, երկխոսություններն ու տեսարանները: Դերասանուհին նշում է, որ եղել են սերիաներ, որտեղ հուզվել է հենց Իննան:



«Հեռուստադիտողն արդեն տեսել է այն սերիան, որից ես հուզվել եմ, երբ սրճարանում Միհրանը պատմում է, որ հանդիպել է Կորյունին, որը նույնպես ճամփորդում է ժամանակի մեջ և այդ ճամփորդությունների ընթացքում տեսել է Միհրանի երեխաներին: Գլխավոր հերոսի համար դա բեկումնային կետ է, երբ նա մտել է ամբողջությամբ Սահմիի կյանք, բայց հասկանում է, որ ժամանակի ընթացքը կխանգարվի, եթե նա չվերադառնա իր ժամանակաշրջան: Երբ ավարտեցինք տեսարանը նկարահանման հրապարակում իմ ու Սոսի մոտ տոտալ լռություն էր և հասկացանք, որ երկուսիս սրտին կպավ այս երկխոսությունն ու տեսարանը: Հերոսուհիս շատ պրագմատիկ է մոտեցել հարցին, իսկ Իննան արտասվել է: Շատ եմ սիրել նաև Գյումրիի տեսարանը, երբ հերոսն ու հերոսուհին հայրաքաղաքի սրտում վալս են պարում, առհասարակ ցանկացած նման խենթություն ինձ համար ընդունելի է, երբ դու կարող ես հայրաքաղաքի սրտում վալս պարել սիրելիիդ հետ»,- ասաց Իննա Խոջամիրյանը:



Նախագծի գլխավոր հերոսին՝ Միհրանին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը և մեզ հետ զրույցում Իննան պատմել է, թե ինչպես է ընթացել Սոսի հետ համագործակցությունը:

«Սոսն ինձ համար բացահայտում է և շատ դրվագների նա այլ կերպ է նայում, շատ նուրբ և նրբանկատ մոտեցում ունի աշխատանքին, որն ինձ միմիայն օգնում է: Դժվար եմ ստացել մեր համատեղ առաջին տեսարանները, երբ ես ևս շփոթված էի և չէի հասկանում՝ ինչ վերաբերմունք ունի հերոսուհիս Միհրանի նկատմամբ, բայց հերոսուհիս սիրում է Սթիվենն Քինգ, Հարիի Փոթեր և խաղում է փլեյսթեյշն և հետևաբար նա հավատում է Միհրանին և նրա պատմությանը: Մենք կարողացել ենք հասկանալ միմյանց և շատ ուրախ եմ, որ նկարահանման հրապարակում գլխավոր հերոսի դերում եղել է Սոսը, բայց ամեն անգամ, երբ միանում էին տեսախցիկները տաղավարում Միհրանն ու Սահմին էին, երբեմն նաև, երբ չէին միանում տեսախցիկները մենք դեռ այդ տպավորությունների ներքո էինք: Սոսը նկարահանման գալիս արդեն իսկ Միհրանի դերում էր, իսկ Սոսին ճանաչելով՝ ես կարողացել եմ վերաբերմունք ձևավորել Միհրանի նկատմամբ: Գյումրիում ունեցել ենք նաև համբույրի տեսարան, որը ևս այն ժամանակներից եկած տղամարդու համար արտասովոր երևույթ է: Մենք բոլորս հարցին մոտեցել ենք պրոֆեսիոնալ, քանի որ ներկայացնում ենք տարբեր ժամանակներում ապրող մարդկանց հարաբերություններն ու հաղորդակցման լեզուն՝սերը»,- եզրափակեց նա:


Նշենք, որ «Սիրելի Սահմի» հեռուստասերիալը ցուցադրվում է ամեն երեթշաբթի և հինգշաբթի՝ 20:45 Ա-Թիվի հեռուստաընկերության եթերով: