Home Հարցազրույց «Գալու է փուլ, երբ կկարողանանք համագործակցել «Netflix»-ի հետ». Գոշ Հակոբյանը՝ «Սիրելի Սահմի» նախագծի և ռեժիսորական աշխատանքների մասին
Home Հարցազրույց «Գալու է փուլ, երբ կկարողանանք համագործակցել «Netflix»-ի հետ». Գոշ Հակոբյանը՝ «Սիրելի Սահմի» նախագծի և ռեժիսորական աշխատանքների մասին

«Գալու է փուլ, երբ կկարողանանք համագործակցել «Netflix»-ի հետ». Գոշ Հակոբյանը՝ «Սիրելի Սահմի» նախագծի և ռեժիսորական աշխատանքների մասին




Երիտասարդ դերասան և ռեժիսոր Գոշ Հակոբյանը լսարանի դատին է հանձնել թվով 5-րդ hեռուստաարտադրանքը՝ «Սիրելի Սահմի» հեռուստասերիալը, որը հաշված օրերի ընթացքում կարողացել է գրավել հեռուստադիտողների ուշադրությունը: Նախագծի հեղինակները ևս նշում են, որ հայկական շուկայում սա էքսպերեմենտալ հեռուստանախագիծ է, որում փոխկապակցվում են մի քանի ժանրեր: Նախագծի ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը նախագծի մասին բացառիկ մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

«Արդեն տևական ժամանակ է ինչ բջջային հեռախոսիս գլխավոր լուսանկարը «Netflix»-ի լոգոն է և ես վստահ եմ, որ լավագույնն առջևում է և մոտ ապագայում կգա այն օրը, երբ թիմիս կհայտնեմ, որ պիլոտային աշխատանքին «Netflix»-ը հավանություն է տվել և մենք կստանանք համատեղ աշխատանք: Սա միջազգային պրակտիկա է և Թուրքիան տարվա ընթացքում 1-2 համատեղ աշխատանք է ներկայացնում «Netflix»-ի հետ և կարծում եմ, որ այս փուլում սա սանդղակ է ինձ համար, որին ձգտում եմ»,- ասաց Գոշ Հակոբյանը:



Լսարանը Գոշ Հակոբյանին ճանաչում է նաև տարբեր հեռուստանախագծերից, բայց վերջին ժամանակահատվածում նա ներկայանում է հեռուստաարտադրողի կարգավիճակում՝ մեզ հետ անկեղծանալով, որ սա իր համար ճիշտ «դեր է»:

«Այս կարգավիճակում, երբ ես արտադրող եմ ինձ առավել քան հարմարավետ եմ զգում: Ես չեմ աշխատում միայն կադրի հետ, ես զբաղվում եմ մեր աշխատանքների երաժշտական հատվածով, մոնտաժային և աշխատանքի գրեթե բոլոր հատվածներում ունեմ ներգրավվածություն: Ամեն նախագծի հետ մենք սահմանում ենք նոր նշաձող, որը գալիս է փորձով: Մենք անում ենք նախագծերը՝ հընթացս հմտանալով: Այս ոլորտը սրընթաց զարգանում է և դու պետք է հասցնես այդ ընթացքի հետևից և հասցնես թրծվես ոլորտում: Մենք իրականացնում ենք մանրակրկիտ աշխատանք և կարող եմ ասել, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ողջ ռեսուրսները դնում է գործի վրա: Իննան ինձ հետ կարող է շտատիվ իջեցնել, գնալ որևէ ռեկվիզիտի հետևից, ես հանգիստ կարող եմ սցենար տպել և տևական ժամեր կարող ենք անցկացնել նկարահանման հրապարակում՝ լավագույն որակը ստանալով»,- նշեց ռեժիսորը:



«Սիրելի Սամի»-ն ռոմանտիկ դրամա է ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը: Այս նախագծում ներգրավված են մեծ թվով դերասաններ նաև Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Իննա Խոջամիրյանը և Սոս Ջանիբեկյանը:

«Վստահաբար այս նախագիծը տարբերվում է իր բարդությամբ և մարտահրավերներով, բայց կարող եմ ասել, որ մենք կարող էինք ընտրել էլ ավելի բարդ ձևաչափ այս աշխատանքի համար, երբ 1840-ականների տեսարանները կլինեին գրեթե բոլոր 10 սերիաներում, բայց անգամ այս ձևաչափով աշխատանքի դեպքում ես կարող եմ ասել, որ սպառվում է ահռելի բյուջե, բայց մենք մեծագույն սիրով ենք անում այս աշխատանքը՝ լիահույս լինելով, որ լսարանը կգնահատի այս նախագծի մասշտաբներն ու որակը»,- նշեց նա:



«Սիրելի Սահմի» հեռուստանախագծի առաջին սերիաներն արդեն հասանելի են, բայց մեզ հետ զրույցում Գոշ Հակոբյանը նշում է, որ առաջին սերիաների վրա արվել է ահռելի աշխատանք, թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական:
«Նախնական աշխատանքները ևս ծավալուն էին, երբ փնտրում էինք տարածքը, հետագայում ամեն տեղանքում պետք է ստանայինք 1840-ականների շունչը, ձևափոխեինք տարածքն ու արվել է մասշտաբային նկարչական աշխատանք, տարազներ և այսպես շարունակ, որպեսզի սպառողը կարողանա լիովին վերապրել այդ շունչն ու հասկանալ նաև գլխավոր հերոսին՝ Միհրանին: Գյումրիի տեսարանները նկարել ենք 4 օրում և օրվա ընթացքում 17 ժամ շարունակ աշխատել ենք»,- հավելեց նա:



Անդրադառնալով նախագծի թեմային՝ ժամանակի մեջ ճամփորդելուն, Գոշ Հակոբյանը նշեց, որ այս թեմատիկայի մեջ առանցքային էր գլխավոր հերոսին ընտրելը:
«Ես կարող եմ ասել՝ եթե մենք Սոս Ջանիբեկյանի փոխարեն ընտրեինք այլ դերասան շատ հավանական է, որ կունենայինք ծիծաղելի և անբնական տեսարաններ և կարող եմ ասել, որ այս փուլում իմ ֆավորիտ տղամարդ դերասաններից է, որն անձնվիրաբար տրվել է աշխատանքին և այս ողջ ընթացքում մենք անգամ առօրյայում շփվել ենք Միհրանի հետ, ոչ թե Սոս Ջանիբեկյանի: Հնարավորինս օրգանիկ աշխատանք ենք ստացել, երբ մենք հրաշալի համագործակցում ենք և ամենակարևորը լսում ենք միմյանց, միմյանց դիտարկումներն ու այդպես շարունակ: Մենք բերել ենք դաշտ նոր թեմատիկա, ոչ թե ադապտացվել շուկային՝ ստեղծելով սերիալ և սիթքոմ, մենք փորձարկում ենք՝ բերելով նոր ժանր. ժամանակի մեր ճամփորդում, սերունդների բախում, միստիկա, արհեստական բանականություն և այլն: «Hotel Grand»-ը ևս փորձարկում էր, բայց կարող եմ ասել, որ շարունակելու ենք «Սիրելի Սահմի»-ի տրամաբանությամբ:»,- եզրափակեց Գոշ Հակոբյանը:



Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի