Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է 45 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները, տեղեկանում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից:
«Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ:
Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում»,- նծված է Արցախի ՄԻՊ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։




