Արաբկիրցի 20-ամյա զինվորին, ով հերոսաբար իր կյանքը զոհեց առաջնագծում՝ փրկելով ընկերոջ կյանքը, հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեռ բանակ գնալիս նա հայտնի էր Արաբկիրում ոչ միայն իր հասակակիցների այլ նաև ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում:
Իզուր չէր, որ նրան Արաբկիրում շատերը ճանաչում էին «Դուխավիկ Մխո» ու երբ ծանուցագիր էր ստացել բանակ գնալու համար ասում էր . Հայաստանի սահմանների անվտանգությունը կախված է զինվորից ու Արցախում առաջնագիծն ամուր պահելուց: Եթե մեր առաջնագծերում, խրամատներում ամուր կանգնենք, ապա թշնամին երբեք չի համարձակվի ոտնձգություն կատարել:
Երևի կանխազգում էր, որ ինքը բազմաթիվ թասիբով ու հերոս տղերքի նման առաջնագիծն է պահելու, բայց ինչ իմանար, որ նենգ թշնամին լկտիաբար փորձելու է սպանել իր զինակից ընկերներին ու ինքը գիտակցված, իմանալով գնալու է մահվան դեմ առ դեմ, և փրկելու է զինակիցների կյանքը, բայց ինքը գնալու ու միանալու է մեր՝ Մոնթեին, Թաթուլ Կրպեյանին, Պետոյին, Սպարսպետ Վազգեն Սարգսյանին և մյուս լեգենդ դարձած հերոսներին:
Այսօր երբ «Եռաբլուր»-ում հուղարկավորեցին 20-ամյա մեր հերոսին, արարողությանը ներկա էին նաև Հայ-Ռուսական համալսարանի աշխատակիցները, նրա ուսանող ընկերները, քանի որ նա մինչև բանակ գնալը սովորում էր նշված համալսարանում:
Իսկ Արաբկիր վարչական շրջանում գործող Ադմիրալ Իսակովի անվան դպրոցի ուղուցչական կազմը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չէր կարողանում զսպել հուզմունքն ու ցավը:
Մի քանի ուսուցչուհիներ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեր դպրոցի ամենալավ շրջանավարտներից էր: Երբ իմացանք, որ ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, հպարտանում էինք: Էլ ավելի էինք ոգևորվել, երբ ծնողների միջոցով իմացել էինք, որ էդ տարիքին արդեն առաջնագծում է ծառայություն կատարում, բայց հիմա թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում նա կյանքը տվեց հանուն հայրենիքի, ընկերոջը, ընտանիքի, ողջ հայությանը:
Մենք այսօր նրան ուղևորեցինք դեպի հավերժություն:
Իզուր չէ, որ նրան հուղարկավորում ենք ողջ հայության համար սրբության սրբոց համարվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մենք նրան հանձնում ենք հողին, բայց հպարտանում ենք, որ նա մեր դպրոցի սանն է եղել:
Այսուհետ մեր սաներին պատմելու ենք նաև մեր հերոսի սխրագործության մասին»:











