Սարգիս Գրիգորյանը խոսել է աղքատության մեջ անցկացրած իր մանկության մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Գրիգորյանը խոսել է աղքատության մեջ անցկացրած իր մանկության մասին



Դերասան Սարգիս Գրիգորյանը խոսել է աղքատության մեջ անցած մանկության մասին
Աղքատության մեջ անցած մանկությունը Սարգսին կոփել է, տարիների փնտրտուքն օգնել, որպեսզի միայն առաջ քայլի։ Ընտանիքը լցնում է նրա կյանքի բոլոր բացերը։ Մեր զրույցը նրան ստիպեց հետ նայել ու իր ապրած կյանքը բնութագրել մեկ բառով՝ դրամա։


-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել ու ինչպիսի՞ երեխա եք եղել։
-Շատ դժվար ու բազմաթիվ խնդիրներով լի մանկություն եմ ունեցել։ Հայրս ասում էր՝ այն եզակի սերունդ եք, որին չենք կարող ասել, թե մեզնից լավ եք ապրում։
Տեսանք պատերազմ, սով, ցուրտ, հազար ձև իշխանափոխություններ։ Այդ ամենի համատեքստում դժվար կլիներ լավ մանկություն ունենալ՝ հատկապես, որ իմ ընտանիքն ապահովված չէր, ծնողներս էլ տարիքով շատ մեծ էին՝ առանց այն էլ դժվար իրավիճակում հնարավորություն չունեին վաստակելու։
Թող ինձ ների իմ քաղաքը, բայց Մոնումենտի անտառի կործանման մեջ իմ մատն էլ է խառը՝ ես էլ եմ այնտեղից ծառ կտրել, բերել տուն, որպեսզի վառելիք ունենանք, նավթ էինք ծախում։ Անգամ, դպրոց չէինք հաճախում, որովհետև ոջիլ էինք ընկնում, քաչալացնում էին, ամաչում էինք դպրոց գնալ։ Մեզնից հետո եկած սերունդը դա չի տեսել, Աստված տա, ոչ մի սերունդ այլևս չտեսնի այն, ինչ ես եմ տեսել մանկության ու պատանեկության տարիներին։
Չնայած այդ ամենն իր դրական կողմն էլ է ունեցել՝ ավելի ամրացել ենք, չենք նահանջել ընկնելուց, էլի վեր ենք կացել, շարունակել առաջ գնալ։

-Աշխատել սկսել եք շատ վաղ տարիքից։ Ի՞նչ է Ձեզ տվել կյանքի այդ փորձությունը։
-Սկսեցի աշխատել, որովհետև չաշխատելու իրավունք չունեի։ Արժանապատիվ չէր լինի նստել թախտին, սպասել բախտին։ Փոքր եղբայրս էլ էր աշխատում, չլուծված շատ խնդիրներ կային, տունն ինչ-որ միջոցով պահել էր պետք։ Իհարկե, շատ լավ էր վաղ տարիքից աշպատելը, որովհետև հետագայում ընտրեցի մի մասնագիտություն, որտեղ իմ փորձը պետք եկավ։ Սկսեցի հասկանալ տարբեր մասնագիտության տեր մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը։


-Ի՞նչ ակնկալիքներով ու երազանքներով մտաք մեծ կյանք, որոնք այդպես էլ ցանկության մակարդակում մնացին։
-Ցավում եմ, որ տարիներս անցնում են, իսկ ես չեմ հասցնում շատ խաղալ գեղարվեստական ֆիլմերում։ Յուրաքանչյուր մարդ, իմանալով իր թերություններն ու առավելությունները, գիտի նաև, թե ինչի է ընդունակ և ինչ կարող է անել։ Կարևոր չէ, թե կողքից ինչ կասեն։ Հիմա հասկանում եմ, որ շատ ավելին կարող էի անել, բայց երկրի այս վիճակում դժվար է, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։
Արդեն 40–ի շեմին եմ և ափսոսում եմ, որ 20-25 տարեկանում կարող էի շատ ավելին անել։ Չնայած ընտանիքիս հատկացվող ժամանակն է ավելանում։ Իհարկե, ամեն դեպքում, էլի ուշ չէ։ Հիմա փորձում եմ կինոարտադրությամբ զբաղվել՝ «Ա.Կ.Ա.» ֆիլմն իմ պրոդյուսերական դեբյուտն է, որն իմ ընկեր Արաբո Գրիգորյանի հետ միասին ենք իրականացրել։ Լսարանն ինձ չի տեսել բեմում, շուտով հանդես կգամ նաև ներկայացման մեջ։ Սրանք քայլեր են, որոնք կարող էի շատ ավելի շուտ անել։