«Եվրատեսիլ 2019»–ին Սրբուկի համար գրված երգերի քանակն ու ընտրությունը
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլն ավարտվեց: Ինչպես Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, մրցույթի արդյունքում ստացել են մոտ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ստեղծագործել է իր համար և ասել: «Չեք պատկերացնի, թե սրտի ինչ թրթիռով ու ինչպիսի անհամբերությամբ էի սպասում Ձեր կողմից ուղարկված հայտերին։ Ու հիմա դժվարանում եմ բառերով բնութագրել, թե որքան շնորհակալ եմ բոլոր-բոլորից, որ մտածել եք իմ ու ելույթիս մասին, ստեղծագործել ինձ համար»։
Երգչուհին նշել է, որ ստացված հարյուրավոր հայտերից իր համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից էլ կկատարվի ընտրությունը։ «Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշումը կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար։ Ես շատ անհամբեր եմ, հուսով եմ` դուք նույնպես»,- ասել է Սրբուկը:






