Ալեքսանդր Բաբասյանը` եվրոպական հանգստի և դրան հաջորդած ֆինանսական ճգնաժամի մասին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, օրերս են վերադարձել ձմեռային հանգստից, որը վայելել են ցրտաշունչ Շվեդիայում։ Ամուսինները պատահական չեն ընտրել այս երկիրը. նախ` այնտեղ են ապրում իրենց մտերիմ ընկերները, երկրորդ` Ամանորն այս երկրում մեծ շուքով է նշվում։
«Ես նախընտրում եմ Նոր տարվա տոներին լինել Սկանդինավյան սառը երկրներում, որտեղ Ամանորը մեծ շուքով է նշվում։ Չեմ սիրում Ամանորին լինել տաք երկրներում, որտեղ տոնական շունչ չկա։ Դեռ ամառվանից էինք ծրագրել, որ Ամանորին պետք է այնտեղ լինենք»,– ասաց նա ու հավելեց, որ տոնական լույսերի մեջ ողողված քաղաքը շատ է ոգևորել նաև որդուն` փոքրիկ Ալեքսանդրին, որը լիարժեք զգացել է Ամանորի շունչը։ «Որոշել եմ հաջորդ տարի իրեն տանել Լապլանդիա, որն ամենահյուսիսային բևեռն է և համարվում է Ձմեռ պապու հայրենիքը։ Այս տարի մտածեցի, որ դեռ փոքր է, չի հիշի, հաջորդ տարի, կարծում եմ, շատ կտպավորվի»,– նկատեց դերասանը։
Երեխայի հետ հանգիստն իր անհարմարություններն ունի, սակայն Ալեքսանդրը վստահ է` հանուն ընտանեկան ժամանցի արժե որոշակի զոհողության գնալ։ «Եթե երեխայիդ հետ ես հանգստանում, պետք է պատրաստ լինես որոշ զոհողությունների։ Մենք այն ընտանիքներից չենք, որոնք երեխային անընդհատ այստեղ–այնտեղ են թողնում, իրենք գնում ժամանցը վայելելու։ Նա, իհարկե, թելադրում է իր գրաֆիկը, որին հարմարվում ենք, սակայն դրանում սարսափելի ոչինչ չկա։ Ես կարող եմ երեկոյան ժամանցի չգնալ, որովհետև իմ երեխան պիտի քնի։ Ես իր կողքին նստելուց էլ կարող եմ հաճույք ստանալ։ Ընդամենը մի քանի տարի է, ես չեմ ընդունում, եթե պատրաստ չես հանուն երեխայիդ ինչ–որ խնդիրներ հաղթահարել։ Բա մի քանի տարի չտրամադրե՞ս երեխայիդ հետ վայելես իր մանկական քաղցր տարիները»,– շեշտեց Ալեքսանդրը։

Դերասանը նկատեց, որ ճամփորդությունները նպաստում են նաև ընտանեկան առօրյայի հետաքրքրացմանը, ինչը շատ կարևոր է։ «Կարծում եմ` դա շատ է օգնում ցանկացած ընտանիքին, հատկապես, եթե նրանք շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, առօրյան իրար հետ են կազմակերպում։ Եվրոպայում ընդունված է ժամանակ առ ժամանակ իրարից առանձին ապրել, ինչն ինձ համար անընդունելի է։ Դրա փոխարեն կարելի է մեկնել ճամփորդությունների, որոնք փոփոխություն են առօրյայում։ Ընդ որում` եվրոպական երկիր մեկնելը մեր դեպքում ավելի դրական ազդեցություն է ունենում։ Մուսուլմանական երկրներում էլ հանգստանալուց հետո հասկացել եմ, որ ունենում ենք շատ լավ ժամանց, հանգստանում, բայց չենք ստանում նույն ջերմությունը։ Եվրոպական երկրներում հանգիստը շատ ավելի մեծ ջերմություն է տալիս, հարաբերություններին թարմություն է հաղորդում։ Նոր ուժերով վերադառնում ենք հայրենիք, անցնում աշխատանքի և ավելի մեծ սեր ու կարոտ տածում իրար հանդեպ։ Այս հանգիստը, իսկապես, շատ ազդեց իմ ու Լիլիթ հարաբերությունների վրա»,– ասաց նա։






