Արամի 23 հասցեի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ․ Արթուր Մեսչյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամի 23 հասցեի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ․ Արթուր Մեսչյան


Շուրջ 3 ամիս Արամի 23-ի վերաբերյալ խոսակցություններ են գնում, թե ինչպես անենք, որ վթարային վիճակում գտնվող կառույցի առանձնապես հպվող պատը կարողանանք շինարարական հրապարակին միացնել: Այս մասին քաղաքապետարանում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մշակվեցին տարբերակներ: Մի տարբերակ մշակեց «Հին Երևանի» ճարտարապետը, բայց Մշակույթի նախարարությունը չհավանեց: Կար երկրորդ տարբերակ, որը բավականին մեծ շինարարական աշխատանք էր, և ես ինչպես հասկացա, կառուցապատողի կողմից չընդունվեց: Երկար ժամանակ այդ պատը մնաց այդ վիճակում, կամաց-կամաց պատի վիճակը վատթարացավ: Ի վերջո, եկավ տրամաբանական ավարտը, պատը քանդվեց»,- ասաց նա:

Ըստ Արթուր Մեսչյանի՝պատը քանդվելուց հետո խնդիրներ են առաջացել հարակից բնակելի տարածքի համար, սակայն բարեբախտաբար, այնտեղ ոչ ոք չէր ապրում, և ուշ ժամի պատճառով մարդ չի էլ եղել շինհրապարակում, զոհեր և տուժածներ չկան:

Երևանի գլխավոր ճարտարապետը հարց բարձրացրեց՝ հնարավո՞ր է արդյոք վերականգնել պատը և վերադարձնել հուշարժանն իր արժեքային համակարգին: Ինքն էլ հարցին պատասխանեց․«Այո՛, հնարավոր է: Դրա համար պետք է մշակվի նոր նախագիծ, որ գոյություն ունեցող կառույցը դրանով ամրացվի և հետագայում վերակառուցվի այն նախագծով, որ կա նախագծի ճարտարապետի ծրագրում»,- ասաց նա:

Արթուր Մեսչյանը նշեց՝ սա թող դաս լինի, որ այդ տարածքում կան բավականին քանակի հուշարձաններ, որոնք պետք է պահպանվեն «Հին Երևան» ծրագրում շինարարության ընթացքում: Նրա կարծիքով՝ արդեն մյուս կառույցների շրջակայքում շինարարական աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ չլինի այն, ինչ եղավ Արամի 23 հասցեի շենքի հետ:

«Ինձ թվում է՝ Արամի 23-ի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ: Ժամանակին կարելի էր այդ պատը հանգիստ ամրացնել, խուսափել այն ամենից, ինչ կատարվեց և տրամաբանորեն շարունակել աշխատանքները»,- ասաց նա: