Ամուսնու և որդու անակնկալը՝ Նազիկ Ավդալյանի 32-ամյակին
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն հոկտեմբերի 31-ին նշում էր ծննդյան 32-ամյակը: Տոնական օրը նրա համար սկսվել է դեռ կեսգիշերից` ամուսնու մատուցած անակնկալով: Նազիկին յուրօրինակ նվեր է պատրաստել նաև որդին:
Նազիկն ասաց, որ առաջինն իրեն շնորհավորել է ամուսինը, հետո՝ մայրիկը: Տոնական տրամադրությունը սկսվել է կեսգիշերից. «Երեկոյան, ուղիղ ժամը 12-ին ամուսինս աշխատանքից տուն վերադարձավ ծաղկեփնջով և նվերով: Չգիտեմ, այդպես ստացվե՞լ էր, թե նախապես էր պլանավորել, բայց շատ հաճելի անակնկալ էր, -ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել ամուսնու նվերը,-Այնպիսի նվեր է, որն ինձ անհրաժեշտ էր: Մենք արդեն խոսել էինք և նա իմ ցանկությամբ էր նվերն ընտրել: Ընդհանրապես, միմյանց այնքան լավ ենք ճանաչում, որ լավ գիտենք՝ ինչ նվիրել»:

Ծանրորդուհին նշեց, որ 4 տարեկան որդին էլ անհմաբերությամբ սպասել է մայրիկի տարեդարձին, որպեսզի նրան նվեր մատուցի: «Միայն նրա ուրախությունը տեսնելու համար, ինքս էլ սպասում եմ այս օրվան: Մենք թեթևակի զրույց ունեցանք: Ասաց՝ ուզում էի քեզ անակնկալ անել, հարցրի՝ ի՞նչ անակնկալ, պատասխանեց՝ դեռ չգիտեմ: Հետո ասաց, եթե փող տաս, կիմանամ ինչ անակնկալ անեմ: Ավելի ուշ որոշեց ինձ գեղեցիկ ծաղիկ նվիրել բացիկի մեջ դրված, որը ինքն է պատրաստելու մանկապարտեզում»,-ասաց նա:
Նազիկն այս տարիների իր ամենակարևոր ձեռքբերումը մասնագիտական նվաճումներից բացի համարում է ընտանիք կազմելն ու բալիկ ունենալը: Ի դեպ, ծանրորդուհին նշեց, որ առայժմ չի մտածում ընտանիքի համալրման մասին: 32 տարեկանում էլ նա մի շարք ծրագրեր է նախանշել, որոնցից մեկը՝ աշխատանքային նախկին ռիթմին վերադառնալն է:





