Միհրան Ծառուկյանի 31-ամյակի անակնկալը
Սեպտեմբերի 22-ին երգիչ Միհրան Ծառուկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 31 տարին, ինչի առթիվ կեսգիշերին ընկերներն անակնկալ են մատուցել նրան։
«Առանձնապես չեմ սիրում ծննդյանս առթիվ մեծ խնջույք կազմակերպել։ Գրեթե, ոչ մի տարի հատուկ հավաքույթ չեմ կազմակերպել։ Պետք է ընտանիքիս անդամներն անընդհատ ասեն, որ տրամադրվեմ ծննդյանս առթիվ մեծ խնջույք կազմակերպելու։ Գուցե 33-ում կամ 35-ում հատուկ տոնեմ, իսկ այսօր ծնունդս կանցկացնեմ ընտանեկան միջավայրում։ Կօգտագործեմ առիթը, որպեսզի շփվեմ հարազատներիս հետ»,– ասաց Միհրանը։
Թեև երգիչը չէր ծրագրել հատուկ խնջույք կազմակերպել, ընկերների անակնկալի շնորհիվ կեսգիշերից հետո տարեդարձը տոնել է մինչև լուսաբաց։ «Կեսգիշերին բացարձակ տրամադրված չէի ծնունդ նշել, տրամադրություն էլ չունեի, տանն էի, սակայն ընկերներս եկան ու քեֆ–ուրախություն կազմակերպեցին։ Ինձ տանից դուրս հանեցին, մինչև առավոտ տոնել ենք ծնունդս։ Չնայած տրամադրված չէի, բավականին լավ անցավ»,– պատեց երգիչը։
Միհրանից պարզեցինք նաև թե ինչու տրամադրություն չուներ։ Պարզվում է` վերջին տարիներին նա սկսել է տրամադրության անկում ունենալ ծննդյանս օրը։ «Երևի մեծանում եմ,– ասաց նա, ապա հավելեց, որ այս օրը սկսում է ամփոփել, թե ինչ է արել, ինչ` ոչ, ինչ պետք է, անպայման, հասցնի անել այս տարիքում։ –Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել։ Կարելի է ասել, ինձ մոտ ամեն ինչ առաջ է գնում այնպես, ինչպես ծրագրել եմ։ Թե ինչ եմ կարևորում մոտ ապագայում անել, նախապես բացահայտել չեմ ցանկանում»։
Միհրանն այս տարի երազանք չի մտապահել։ Ասում է` եղել են տարիներ, երբ տարեդարձին երազանք է պահել, բայց այս տարի դրա վրա չի կենտրոնացել։ «Ես ռեալիստ եմ։ Իմ երազանքներն այնպիսի բաներ են, որոնց կարելի է հասնել։ Ես ունեմ նպատակներ, որոնք ուզում եմ իրագործել»,– նկատեց նա։





