Հայտնի և սիրված դեմքեր՝ «Օպերա Վիվա» վոկալ քառյակի հիմնադրման երեք ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի և սիրված դեմքեր՝ «Օպերա Վիվա» վոկալ քառյակի հիմնադրման երեք ամյակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Օրերս «Օպերա Վիվա» վոկալ քառյակը Դելիս ակումբում նշեց իր հիմնադրման երեք ամյակը: Երիտասարդ կատարողները երեք տարի առաջ միավորվել էին մեկ նախագծի շրջանակներում՝ կատարելու հայտնի ու սիրված դասական, ինչպես նաև փոփ-դասական ստեղծագործությունները նոր ձևաչափի մեջ: «Օպերա Վիվա» նախագծի նպատակն է հասարակությանն ավելի մոտեցնել բարձրաճաշակ որակյալ երաժշտությանը: Խմբի անդամներն են Ալին Գոյանը (սոպրանո), Հասմիկ Հարությունյանը (սոպրանո), Գևորգ Պողոսյանը (տենոր) և Խաչիկ Բեկյանը (բաս): Նրանք բոլորը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ են, ինչպես նաև հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Քառյակն իր հոբելյանական միջոցառման համերգային ծրագրի ընթացքում կատարեց հանրահայտ օպերային արիաներ, նեոպոլիտանական և իտալական երգեր, իսպանական և հայկական ռոմանսներ, փոփ-դասական սիրված ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն խմբի ընկերներն ու հարազատները, այլև պատվավոր հյուրեր, ովքեր մշտապես աջակցել են քառյակին իր ողջ գործունեության ընացքում:

Խոսելով անցած երեք տարիների ձեռքբերումների ու հաջողությունների մասին` խմբի անդամները նշեցին, որ մասնակցել են բազմաթիվ պետական և ոչ պետական, քաղաքային գլխավոր միջոցառումների, հեռուստատեսային նախագծերի, ելույթներով հանդես են եկել Արցախում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնակցել մրցույթ-փառատոնների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ:

Խմբի հիմնադիրներից Ալին Գոյանը նշեց, որ ձեռքբերումներով լի էր հատկապես 2017 թվականը, երբ քառյակը մասնակցեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնին՝ արժանանալով «Գրամ Պրի» մրցանակին, այնուհետև Գերմանիայում խմբի անդամները մասնակցեցին «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնին՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ, որից հետո մենահամերգով հանդես եկան Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» տաճարում՝ կատարելով հայկական և արտասահմանյան ստեղծագործություններ:

Խմբի անդամները հույս հայտնեցին, որ առաջիկայում էլ կշարունակվի ինչպես իրենց բուռն գործունեությունը, այնպես էլ ջերմ ընկերությունը: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ երիտասարդ կատարողները նշեցին, որ ծրագրում են համերգային շրջագայություններով հանդես գալ մի շարք եվրոպական երկրներում, ինչը բավական պատասխանատու և խոստումնալից կարող է լինել վոկալ քառյակի կայացման գործում: