«Կոչ եմ անում և խնդրում բոլոր պատկան մարմիններին խուսափել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից». Արամ MP3-ի հայտարարությունը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կոչ եմ անում և խնդրում բոլոր պատկան մարմիններին խուսափել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից». Արամ MP3-ի հայտարարությունը


Հայրենակիցնե՛ր ջան, Երբևէ չլինելով քաղաքականության մեջ, չունենալով որևէ կուսակցական պատկանելություն, այդուհանդերձ, ես չեմ կարող անմասն մնալ այս իրադարձություններից: Այս օրերին բոլորս մեծ ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող ցույցերին հույսով ու հավատով, որ դրանք կունենան խաղաղ և դրական հանգուցալուծում:
Ինչպես բոլոր մեր հայրենակիցներն, այնպես էլ ես մեծ ցավով եմ վերաբերվում մեր երկրի դժվարություններին և ճգնաժամերին: Անձի ազատությունն ու ազատ արտահայտվելու իրավունքները բարձրագույն արժեքներ են, որոնք հնարավոր են միայն համապատասխան իրավունքներ ապահովող պետությունում:
Կարծում եմ պետություն և քաղաքացի հարաբերություններում ցանկացած երկրում պետության հանդուրժողակությունն է այն ճանապարհը, որը կարող է երաշխավորել բոլորի ազատությունն ու քաղաքակիրթ պետության կառուցումը:
Ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ուրախալի է և մեծ ոգևորություն է տեսնել ազատատենչ, ինքնավստահ և սեփական կարծիքն արտահայտող մեր երիտասարդությանը, միաժամանական անընդունելի են խաղաղ ցուցարարների, առավել ևս անչափահասների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի եղանակներով կիրառվող բռնությունները:
Կոչ եմ անում և խնդրում բոլոր պատկան մարմիններին խուսափել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից՝ ողջ ուժն ու եռանդն ուղղելով ցույցերի՝ առանց միջադեպերի և բռնությունների անցկացմանը:

Հ.Գ. չափազանց դժվար էր արտահայտվել այս թեմայի շուրջ. կարծիք հայտնելը դիտվում է որպես անձի PR, իսկ լռելը՝ անտարբերության նշան, ինչի առիթը երբեք չեմ տվել։
Կեցցե՜ ազատ, անկախ քաղաքացին…