«Սահմանին 2». տարվա ամենասպասված ֆիլմի պրեմիերան ապրիլի 2-ին է՝ ճիշտ նույն օրը, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը: Մեր զինվորների անձնվեր պայքարն ու գիտակցված հերոսությունները դարձան պատմություն ու հիմք գեղարվեստական ֆիլմի 2-րդ եթերաշրջանի համար:
Էքստրեմալ պայմաններում անցկացված նկարահանումներ, վտանգավոր խրամատներ, անհաղթահարելի թվացող վայրեր, անտառներ, լեռներ, դերասանական մեծ կազմ ու շատ քանակությամբ զինտեխնիկա. Հարություն Ղուկասյանը վստահեցնում է՝ «Սահմանին 2»-ն աննախադեպ է թե՛ մասշտաբայնության և թե՛ նկարահանումների բարդության առումով: Սցենարի վրա աշխատել է ավելի քան 4 ամիս:
Ապրիլյան քառօրյան բավականին նուրբ ու զգացմունքային թեմա է ու պահանջում է հատուկ մոտեցում: Հարությունի խոսքով՝ լուրջ ու բծախնդիր են մոտեցել գործին, որ նույնիսկ տողատակում վիրավորանք ու հեգնանք չլինի այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են պատերազմի դաշտում, առճակատվել մահվանը, կորցրել զինակից ընկերոջ կամ հակառակը՝ կորցրել են իրենց՝ սպասելով թողնելով ծնողին կամ սիրած աղջկան:
Խոսելով նկարահանումների բարդության, մասշտաբայնության և բյուջեի մասին՝ սցենարիստն ընդգծեց, որ «Սահմանին 2»-ը բավականին ծախսատար է, քանի որ ռազմական գործողություններն ու մարտի դաշտում նկարահանումներն էժան հաճույք չեն եղել. «Այս եթերաշրջանում էլ ենք ունեցել բարդ նկարահանումներ: Ռազմական, պատերազմական ժանրի ֆիլմերն արդեն իրենց ժանրով նկարահանումները տեխնիկապես բավականին բարդ են: Չի եղել ոչ մի տաղավարային նկարահանում, տեսարաններն ամբողջությամբ նկարահանել ենք բնական պայմաններում՝ սահմանային դիրքերում, պոլիգոնում: Մեզ աջակցել է նաև Պաշտպանության նախարարությունը: Ինչքան էլ որ ֆիլմն ահռելի ծախս է պահանջել, այնուամենայնիվ, եղել են շատ բաներ, որոնք մեզ թույլ տալ, այնուամենայնիվ, չենք կարողացել: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր սերիայի վրա այնքան բյուջե է ծախսվել, ինչքան մի քանի տասնյակ սերիայի վրա կծախսվեր սովորական մելոդրամա նկարելու համար»,- ասաց Հարությունն ու հավելեց, որ ի սկզբանե կոմերցիոն արտադրանք ստանալու խնդիր չի եղել, այլ առաջնայինը որակ ապահովելն է, ֆիլմում առկա դաստիարակչական տարրը պահելը»:
Երկրորդ եթերաշրջանը բաղկացած է 20 մասից: